ՄԻՊ գրասենյակում ուսումնասիրվում է «Ժառանգության» դիմումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացվել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիմումը, որով վերջինս խմբակցության անունից առաջարկում է ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի առաջին մասի և ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի միջև առկա հակասությունը: Ինչպես «Pastinfo.am»-ին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը, դիմումը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայության փոխանցմամբ, պատգամավորը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է. «Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք», իսկ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, «Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին…»: Այսինքն՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը: «Այսպիսով մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից՝ ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը», – նշվում է դիմումում:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին: