Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկատվության, օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել:
Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:
Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով:
Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաև «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Զննվել են «BMW X5», «KIA» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ:
Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ և մեկ գնդակ: Բերման ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: