Բաժիններ՝

Մինչև 1,5 տարեկան երեխաներին կովի կաթով կերակրել չի կարելի

Էլենն արդեն ութ ամիս է՝ իր զույգ երեխաներին կերակրում է կովի կաթով: Նա լսել է, որ մինչև մեկուկես տարեկան երեխաներին կովի կաթով կերակրել չի կարելի, բայց համոզված է, որ այն իր երեխաներին չի կարող վնասել. «Երկու երեխաներս կովի կաթ ուտելով են մեծացել, ու ոչ մի վատ ազդեցություն չի եղել»:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանը բացատրում է, որ կովի կաթն իր կազմով՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ,  բացարձակապես չի համապատասխանում փոքր երեխաների պահանջներին:

«Կովի կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք փոքրիկ երեխայի օրգանիզմը ընդունակ չէ մարսելու: Կովի կաթի մեջ չկան հատուկ ճարպեր, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի ճիշտ զարգացման համար: Փոխարենը՝ դրանք պարունակվում են կրծքի կաթում և երեխաների համար նախատեսված զանազան կաթնախառնուրդներում»,- ասում է նա:

Բացի այդ՝ կովի կաթը հանգեցնում է հաստ  աղիից արյան դուրսմղմանը անոթների միջոցով. սրա հետևանքով երեխաները աճի, զարգացման խնդիրներ, սակավարյունություն են ունենում: «Մայրական  և կովի կաթում պարունակվող երկաթի քանակը նույնն է, սակայն կա ձևի տարբերություն: Մայրական կաթի մեջ պարունակվող երկաթը լիարժեք յուրացվում է երեխայի օրգանիզմի կողմից, իսկ կովի կաթինը՝ ոչ: Կալցիումը չի ներծծվում, ինչը բերում է ռախիտ հիվանդության առաջացմանը»,- ասում է Ս. Մխիթարյանը:

Կարդացեք նաև

Մանկաբույժի փոխանցմամբ`կովի կաթով սնվող մինչև մեկուկես տարեկան երեխաները շատ ավելի գունատ են լինում, քան կրծքի կաթով սնվողները: «90 տոկոս դեպքերում հնարավոր է իրականացնել սնուցում մայրական կաթով: Մնացած դեպքերում խորհուրդ է տրվում երեխաներին կերակրել կաթնախառնուրդներով»,- հավաստիացնում է Սյուզաննա Մխիթարյանը: Նրա խոսքով`երեխային կովի կաթ կարելի է տալ արդեն մեկուկես տարեկանից հետո, սակայն դրա օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մլ-ն:

«Իսկ կարիեսից և ատամների կծվածքի խանգարումից խուսափելու համար երեխաներին պետք չէ շշով կաթ տալ գիշերային ժամերին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս