Մարգար Օհանյանը ներման խնդրագիր գրե՞լ է, թե՞ ոչ
Մեր տեղեկություններով, ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա այն:
168.am-ի հարցին, թե՝ արդյոք իրականությանը համապատասպանո՞ւմ է շրջանառվող լուրը, թե Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն ներում շնորհելու համար, ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց: «Մենք նման հարցերի վերաբերյալ տեղեկություններ չենք հրապարակում, քանի որ դա կապված է մարդկանց անձնական կյանքի հետ»,- ասաց Ա. Արզումանյանը:
Ի դեպ, Մ. Օհանյանի կողմից ՀՀ նախագահին ներման խնդրագիր գրելու մասին տեղեկությունն, ըստ էության, չի հերքել նաև Մարգար Օհանյանի փաստաբանը՝ ասելով, թե դրա իրավունքը Օհանյանը ուներ։
«Ես չեմ բացառում, որ միգուցե ներման խնդրագիր է գրել, քանի որ դա նրա իրավունքն է և կարող էր գրել։ Ուղղակի ես որոշ ժամանակ բացակայել եմ և չեմ հանդիպել Մարգար Օհանյանին, ուստի տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ՝ գրե՞լ է, թե՞ ոչ։ Բայց չեմ բացառում։ Հնարավոր է, որ գրած լինի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Մ. Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը։
Պատասխանելովհարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ՀՀ նախագահին ուղղված խնդրագրից հետո Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասել էր, թե Օհանյանը դրական բնութագիր ունեցող անձնավորություն է։
«Դա զուտ հանձնաժողովի որոշելու հարցն է, բայց իմ անձնական կարծիքով, կան հիմքեր, որպեսզի Մարգար Օհանյանի ներման խնդրագիրը, եթե գրել է ներման խնդրագիրը, բավարարվի, քանի որ նա նախկինում դատապարտված չի եղել, ոստիկանության գնդապետ, դրական բնությագրով մարդ և պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնել է։ Բայց, ամեն դեպքում, ներման հանձնաժողովը ինքն է որոշում, իր կայացնելիք որոշումն է։ Կբավարարի, թե չի բավարարի՝ չեմ կարող ասել»,- ասել էր փաստաբանը։
Հիշեցնենք, այս տարվա մայիսին Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։