Տղաները գտնվում են ապօրինի կալանքի տակ. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ  Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում:

«Վերաքննիչ դատարանում բողոք էինք ներկայացրել նրանց  կալանավորման վերաբերյալ, որը մերժվել է, սակայն որոշումները դեռ չենք ստացել: Պատրաստվում ենք գրավի նոր միջնորդություն ներկայացնել՝ հույս ուեննալով, որ Առաջին ատյանի դատարանում գոնե մի փոքր իրավական, մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորի վարույթում կհայտնվեն այդ գործերը, որպեսզի պաշտպանյալներս ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ: Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը իմ և բազմաթիվ այլ իրավական հանրույթում հայտնի դեմքերի կողմից որակվել են՝ որպես քաղբանտարկյալներ, որովհետև նույնաբովանդակ այլ իրավիճակներում որևէ քրեաիրավական գործընթաց չի նախաձեռնվել, որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իրավական որևէ պրոցես տեղի չի ունեցել: Մենք այսօր ունենք շինծու քրեական գործ: Քննիչը ներկայացրել է դատարկ միջնորդություն՝ կալանավորման վերաբերյալ, որը բաղկացած է երեք թերթից, որտեղ տեղ են գտել Վճռաբեկ, մարդու իրավունքների եվրոպական դատարաններից ցիտատներ, ինչպես նաև մի քանի ցիտատ՝ Քրեական դատավարության օրենսգրքից: Դրանք անվանել միջնորդություն՝ կալանավորման վերաբերյալ, այն էլ՝ հիմնավոր ու պատճառաբանված, առնվազն խելագարության կանխավարկածի մեջ պետք է գտնվենք:

Վստահ եմ, որ նախաքննության ավարտից հետո այդ միջնորդությունները դառնալու են հանրության սեփականությունը, որպեսզի քննիչները, իրավաբանները ծանոթանան, թե ինչպես չի կարելի կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան: Այս պահին ևս տղաների գործի հետ կապված մեր բողոքարկումից հետո պատասխան չենք ստացել, տղաները գտնվում են ապօրինի կալանքի տակ, դատավարական ժամկետները, որքան հնարավոր է՝ ապօրինի կերպով ձգձգվում են, նույնիսկ Առաջին ատյանի դատարանը գործը չէր ուղարկում վերաքննիչ, որպեսզի նշանակվեր դատական նիստ, և մարդիկ կարողանային իրենց կալանավորման իրավաչափությունը վիճարկել: Այս պահին ևս դեռ Վերաքննիչ դատարանի այս երկու խայտառակ որոշումները չենք ստացել, որպեսզի կարողանանք դրանք բողոքարկել»,- մանրամասնեց փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի աջակից Անի Կարապետյանն էլ անդրադարձավ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ, նրա խոսքով, վերջինը Նարեկ Մութաֆյանին մեղադրել է իր հեռախոսի գողության մեջ:

«Քանի որ տղաներն ապօրինի գտնվում են կալանավայրում, իշխանությունները փորձեցին ի հայտ բերել Ստյոպա Սաֆարյանին և նոր գործ կարել տղաների վրա, ինչը, բնականաբար, դատապարտված է ձախողման: Իշխանություններն ապացուցել են, որ այնքան թուլակամ են, որ վախենում են ազգային ոգով երիտասարդներից, ինչպիսիք Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանն են»,- ասաց Անի Կարապետյանը:

«Ցանկանում եմ փաստել, որ Նարեկ Մութաֆյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի: Ինչ վերաբերում է Ն.Մութաֆյանի՝ Ս.Սաֆարյանի տան շքամուտքում ենթադրյալ հարձակմանը և գողության հանգամանքին, նշեմ, որ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը, որը շրջանառվել է մամուլում, կարելի է դիտել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, մինչդեռ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով հստակ սահմանված է ակնհայտ սուտ մատնություն կատարելը՝ կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելը: Հիմա, եթե Նարեկ Մութաֆյանն օբյեկտիվորեն պարզապես չի եղել Ս.Սաֆարյանի տան շքամուտքի մոտ և եթե աղերս չունի գրառման բովանդակության հետ, այստեղ կարելի է մեկ պատճառաբանված և օբյեկտիվ դատողություն կատարել. Ստյոպա Սաֆարյանը խախտելով Նարեկ Մութաֆյանի անմեղության կանխավարկածը՝ կատարում է սուտ մատնություն»,- հավելեց Վահե Եփրիկյանը:

«Պատրաստել եմ հանցագործության մասին հաղորդում, որը ներկայացնելու եմ ՀՀ Գլխավոր դատախազություն և ակնկալելու եմ, որ դատախազությունը ձեռնարկի միջոցառումներ՝ Ստյոպա Սաֆարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա:

Մութաֆյանը և Օհանջանյանը կալանավորվել են սեպտեմբերի 29-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, Ֆեյսբուքում ուղիղ  հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո դատավոր Դանիբեկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 343-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն հետագայում Մութաֆյանին և  Օհանջանյանին մեղադրանքն առաջադրվել է 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս