Բաժիններ՝

ՌԴ Վերին Լարսի անցակետում մաքսային մարմինները խոչընդոտում են հայկական պանրի և թարմ գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն

Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը տեղեկացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը:

2019 թվականի հոկտեմբերի 14-ից «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, որոնց չեն թույլատրում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող և 1 տոննա կապույտ բորբոսով պանիր: Բեռն անցնում է մաքսային ստուգում, ինչի հետ կապված դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնությունները արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող և լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման: Տրամադրվել է նաև ընթացիկ արտադրությունը նկարագրող տեսանյութեր, ինչպես նաև հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցների ռեպորտաժները «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացման վերաբերյալ, ինչին ներկա էին, ի թիվս այլոց, ՀՀ Վարչապետը, Կառավարության անդամներ, ՌԴ, ԳԴՀ արտակարզ և լիազոր դեսպանները:

Կապույտ բորբոսով պանիրը «Սպայկա» ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով կարող է համեմատվել եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքի հետ: Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայութունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն և արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն Եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը և առևտուրը:

Ծանոթագրություն: ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագ փչացող ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս