«Կառավարությունը նախկին նախագահներին ապահովում է մեքենաներով, ինչպես նաև անվտանգության աշխատակիցներով». Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝  Կառավարությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին համապատասխան առանձնատնով ապահովելու առաջարկ է արել, ինչը նրա գրասենյակի կողմից մերժվել է:

Հարցերին` ինչո՞ւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը որպես ՀՀ վարչապետի խորհրդական մի քանի օր աշխատելուց հետո հրաժարական ներկայացրեց, և ինչո՞ւ հրաժարական տվեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ իրավասու չէ մեկնաբանել վարչապետի կադրային քաղաքականությունը:

Հաջորդ հարցին՝ Կառավարությունը պարտավորություն ունի՞ նախկին նախագահներին ավտոմեքենաներ տրամադրելու, Է. Աղաջանյանը պատասխանեց, որ Կառավարությունը պարտավորություն ունի ինստիտուտները հարգել, նրանց աշխատանքն ապահովել:

«Նախագահի ինստիտուտը գործող ինստիտուտ է, և ըստ օրենքի՝ մենք պարտավոր ենք այդ ավտոմեքենաներով և այլ պարագաներով ապահովել պաշտոնաթող նախագահներին, այդ թվում՝ նախկին պաշտոնաթող ղեկավարներին: Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կառավարությունն ապահովում է հստակ մեքենաներով, ինչպես նաև անվտանգության աշխատակիցներով»,- շեշտեց նա:

Հարցին՝ արդյոք բարձրացե՞լ է աշխատավարձը, թե՞ ոչ, նա նախ պարզաբանեց, թե որևէ մեկի աշխատավարձը չի բարձրացել, բայց պարգևատրումներ բոլորը ստացել են, որի որոշումը բոլորին հայտնի է, ուստի ինքն ավելացնելու այլ բան չունի:

«Աշխատավարձերի բարձրացման որոշումը հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց: Այդ որոշումն իր սահմանումով չի կարող լինել գաղտնի, քանի որ ամեն տարի, երբ հայտարարագրումները տեղի են ունենում, ապա այդ ինֆորմացիան հանրությանը հասանելի է դառնում»

Նա, սակայն, չհերքեց, որ 1,5 միլիոն դրամ է ստացել: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա Աղաջանյանը տեղեկացրեց, որ վարչապետը երբևէ որևէ պարգևատրում չի ստացել:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս