Թաիլանդում զբոսաշրջիկների համար կբացեն քարանձավը, որտեղից 2018 թվականին փրկեցին երեխաներին
Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավը, որտեղից անցյալ տարի անձավային դայվերների մասնակցությամբ բացառիկ փրկարարական գործողության արդյունքում փրկեցին «Անտառային վարազներ» թիմի պատանի ֆուտբոլիստներին, նոյեմբերի 1-ին պաշտոնապես կբացվի զբոսաշրջիկների այցելության համար: Այդ մասին հայտնել է TNA թաիլանդական գործակալությունը։
Թաիլանդի ազգային բնայգիների դեպարտամենտը քարանձավը զբոսաշրջիկների համար պաշտոնապես կբացի նոյեմբերի 1-ի առավոտյան, ասված է հաղորդագրության մեջ: Զբոսաշրջիկները կկարողանան մտնել քարանձավ, որտեղից տարվա ընթացքում դուրս է բերվել փրկարարական բոլոր այն սարքավորումները, որոնք օգտագործվել են եզակի միջազգային փրկարարական գործողության ընթացքում: Ներկայում Չիանգրայ նահանգի ազգային բնայգին, որտեղ գտնվում է քարանձավը, օրական այցելում է ավելի քան 1000 մարդ: Քարանձավի բացման կապակցությամբ տեղի տուրիստական իշխանություններն ակնկալում են այդ թվաքանակի զգալի ավելացում, նշում է գործակալությունը: 12 դպրոցականների՝ «Անտառային վարազներ» մարզադպրոցի պատանեկան ֆուտբոլային թիմի խաղացողներին, եւ նրանց մարզչին փրկելու գործողությունը, որոնք կտրվել էին արտաքին աշխարհից հորդառատ անձրեւների հետեւանքով տասըկիլոմետրանոց քարանձավի մեծ մասի հեղեղման պատճառով, 2018 թվականի հունիս-հուլիսին իր վրա էր բեւեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Գործողությունը շարունակվել է 18 օր, դրան մասնակցել են մի քանի հազար փրկարարներ ու կամավորներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: