Աշխարհում մեր բարոյական դիրքը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ջոն Սարբանես

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Սարբանեսը (Դեմոկրատ, Մերիլենդ) ոգևորված է այն հանգամանքով, որ վերջապես պալատը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ու պետք է ընդունի այս փաստը: Նա կարծում է, որ աշխարհում ԱՄՆ-ի բարոյական դիրքը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պալատի անդամը նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը:

«Այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատը վերջապես կհաստատի, որ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և պարտավոր ենք հիշել մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության զոհերին: Աշխարհում մեր բարոյական դիրքը պահանջում է մեզնից ճանաչել Հայոց ցեղասպանության փաստի ճշմարտացիությունը: Շատ երկար ժամանակ մենք արդեն արդարացրել ենք Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` չցանկանալով շարժել մեր, այսպես ասած, դաշնակիցների զայրույթը: Ինչևէ, Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները ամրապնդեցին այն, ինչ մենք արդեն վաղուց գիտեինք»,-ասաց Սարբանեսը:

Նա շեշտեց` Էրդողանի Թուրքիան չի սատարում մարդու իրավունքները կամ կրոնի ազատությունը, փոխարենը տարածում է ավտորիտարություն: Սարբանեսն ուրախութամբ նշեց, որ այսօր ավելի ուշ պալատը Թուրքիայի` Սիրիայում գործողությունների համար պատժամիջոցներ կիրառելու հարցը պետք է քվեարկության դնի: Նա նկատեց` երկուսն էլ հզոր նախագծեր են:

Տեսանյութեր

Լրահոս