Տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Շերման

Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին իր ելույթում հոկտեմբերի 29-ին: Նա նկատել է, որ դա տեղի կունենա 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերջին վերապրածների աչքի առաջ:

«Երկու շաբաթ առաջ ես մոտեցա այս նույն ամբիոնին և ասացի, որ վերջապես ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-Բրեդ Շերմանն ասաց, նկատելով որ այլևս Թուրքիային սիրաշահելու ժամանակներն ավարտվել են: Նա ասաց, որ Հայոց ցեղասպանությունը հարկավոր էր վաղուց ճանաչել, բայց միշտ ասում էին, թե պետք չէ դա անել Թուրքիայի հետ կարևոր դաշնակցային հարաբերություններ ունենալու պատճառով:

«Այս ամսվա սկզբին նրանք ռմբակոծեցին ամերիկյան ռազմաբազայի շուրջբոլորը: Բոլորի համար ակնհայտ էր, որ նրանք պատրաստ են սպանել ամերիկացիների: ԱՄՆ-ը հետ քաշվեց, սակայն դա լավ պլանավորված ու զգույշ հեռացում չէր: Մենք լքեցինք թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունները»,-ասաց Բրեդ Շերմանը՝ նկատելով, որ ԱՄՆ միշտ աջակցել է Թուրքիային: Նա նշեց, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը սպանել է 1.5 միլիոն հայ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և որևէ կասկած չկա, որ դա տեղի է ունեցել:

«1.3-1.5 միլիոն հայերի ջարդը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն էր, և այստեղ որևէ բանավեճ լինել չի կարող», -նշեց Շերմանը՝ շեշտելով, որ Ռաֆայել Լեմկինը, ով առաջին անգամ ներկայացրել է ցեղասպանություն բառը, ասել է, որ Հայոց ցեղասպանությունը դրա առաջին օրինակն էր:

«Ժամանակն է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա ժխտումը ցեղասպանության վերջին բաղկացուցիչ ակտն է»,- ընդգծեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը։

Տեսանյութեր

Լրահոս