«Լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու այս միտումը խորապես դատապարտելի է և ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության ու խոսքի ազատության հայտարարագրված սկզբունքների շրջանակում»
Հարգելի գործընկերներ
Երեկ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:
Հայտարարության տեքստում և դրան հաջոդրած քննարկումներում, սակայն, պարոն Սաֆարյանը հայտարարել էր, թե մի քանի լրատվամիջոցների նշված միջոցառումը լուսաբանելն արգելվելու է, իսկ լրագրողներն ու օպերատորները, մուտքի դեպքում, դուրս են հրավիրվելու քանի որ, պարոն Սաֆարյանի բնորոշմամբ, դրանք «քարոզչամիջոցներ» են։
Մեր համոզմամբ, լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու այս միտումը խորապես դատապարտելի է և ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության ու խոսքի ազատության հայտարարագրված սկզբունքների շրջանակում։
Սրանից զատ, նման պահվածքը կարելի է դիտարկել որպես այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության կոչ, ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում «ատելության խոսքից»։
Եզրափակելով մեր մտահոգությունները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է և կոչ ենք անում հասարակական-քաղաքական բոլոր կազմակերպություններին և գործիչներին զերծ մնալ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու գայթակցությանը ենթակվելուց։
Լրագրողների անկախ արհմիության վարչություն