«Բուլղարիան աջակցում է ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի թուլացմանն ուղղված երկխոսության մեկնարկին». Բուլղարիայի փոխվարչապետ
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետի ՀՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու փաստաթուղթ է ստորագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան:
Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ երկու կարևոր փաստաթուղթ է ստորագրվել՝ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև՝ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիր, որը ստորագրել են Եկատերինա Զախարիևան և Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:
Եկատերինա Զախարիևան նշեց, որ Բուլղարիան և Հայաստանը խոսում են տարբեր լեզուներով, բայց փաստն այն է, որ երկու երկրներն ընդհանուր շատ կողմեր ունեն, որը մշտապես մոտեցրել է Հայաստանին և Բուլղարիային դարերով:
«Այն փաստը, որ Բուլղարիայում արդեն ապրում են 11.000 հայ, 11.000 բուլղարացի հայ, դա մոտեցնում է մեզ, և նրանք Հայաստանի շատ լավ դեսպաններ են Բուլղարիայում: Շատ մարդիկ գտան տուն Բուլղարիայում, 20-րդ դարի սկզբի տխուր պատմության ընթացքում առաջին հայկական դպրոցը բացվել է Բուրգասում 1861 թվականին, դա նույնպես ընդգծում է մեր ժողովուրդների մտերմությունը»,- ասաց Բուլղարիայի ԱԳ նախարարը:
Բանախոսի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում շատ են քննարկել հատկապես տրանսպորտային կապերի հարցը: «Ինձնից պահանջվեց 10 ժամ, որպեսզի ես գամ այստեղ, այնինչ մենք այնքան մոտ ենք: Եթե ունենանք ուղիղ թռիչք, ապա կպահանջվի ոչ ավել, քան 2.5 ժամ Հայաստան գալու համար, և ես կարծում եմ, որ իսկապես պետք է աշխատենք, որպեսզի դա իրականություն դառնա: Մենք ունենք չարթերային թռիչքներ միայն Բուրգաս և Վառնա ամռանը, սակայն մինչև հիմա չունենք ուղիղ թռիչք Երևանի և Սոֆիայի միջև»,- ասաց Զախարիևան:
Նա նշեց նաև, որ հարկավոր է տնտեսական կապերն ակտիվացնել:
«Քննարկում ենք՝ ինչպես երկկողմ ձևաչափում աջակցենք Ձեր պետության ջանքերին, որպեսզի բարեփոխումներ անցկացվեն արդարադատության և տնտեսական համակարգերում, ունենք ծրագիր, որպեսզի աջակցենք, արդեն մի քանի ծրագրերով աշխատում ենք այստեղ, որպեսզի աջակցենք կանանց ուժեղացմանը, տարբեր դպրոցներին, երեխաներին, և մենք փնտրում ենք լրացուցիչ հնարավորություններ՝ Ոստիկանության բարեփոխում, ադմինիստրացիայի տարբեր սեկտորների բարեփոխում»,- տեղեկացրեց Բուլղարիայի բարձրաստիճան պաշտոնյան:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային դյուրացման և ազատականացման հարցին, Եկատերինա Զախարիևան ասաց, որ Բուլղարիան աջակցում է վիզային ռեժիմի թուլացմանն ուղղված երկխոսության մեկնարկին:
«Ձեր ուժեղ աջակիցներից ենք: Մենք ստորագրված պայմանագրով մեկ քայլ առաջ արեցինք: Երկխոսության միջոցով որոշ խնդիրներ կարելի է լուծել, և ես ընդունում եմ, կողմ եմ, որ երկխոսությունը սկսվի»,- ասաց Բուլղարիայի ԱԳ նախարարը: