Ալ Բաղդադիի աճյունը տեղափոխվել է Իրաքի ամերիկյան ռազմակայան. Al Sumariya
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վնասազերծված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը տեղափոխվել է Իրաք: Այդ մասին հայտնել է Al Sumariya հեռուստաալիքը, ընդսմին չճշտելով, թե հատկապես ով է այն տեղափոխել:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, ալ Բաղդադիի աճյունը տեղափոխվել է Իրաքի Անբարի նահանգում գտնվող Այն Էլ Ասադ ռազմակայան, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողներ: Հեռուստաալիքը չի բացառում, որ ԻՊ-ի պարագլուխը հողին կհանձնվի Իրաքի տարածքում:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող է հանձնվել ծովին: Մինչ այդ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համանման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նա նշել էր, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես եւ «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ, որը հանձնվել է Արաբական ծովին: Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկացի զինվորականների կողմից ալ Բաղդադիի ոչնչացման մասին:
Ինչպես հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավարը, ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: