«ԼՂ հարցը տարածքային վեճ չէ, սա մեզ համար անվտանգության և կարգավիճակի հարց է». Զոհրաբ Մնացականյանը լրացնում է իր BBC-ի խոսքը

«Ուրախ եմ, որ իմ հարցազրույցն ակտիվ դեբատներ է առաջացրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում բրիտանական BBC-ի «Hard talk» հաղորդաշարին իր տված հարցազրույցի վերաբերյալ հնչող քննադատությունները:

Նախարար Մնացականյանն ասաց, որ իրականում շատ ուրախ է գրանցել, որ Հայաստանը բացառություն չէ, և նման հաղորդմանը մասնակցությունը ժողովրդավարական երկրում, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում, և ոչ միայն՝ Հայաստանում:

Նա ընդգծեց, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ ՀՀ-ում կա բազմակարծություն, կարծիքների բազմազանություն, գոյություն ունի քննադատություն, աջակցություն:

«Նկատեցի, որ եղել է դինամիկ քննարկում, ինչը ողջունելի է և ի ցույց է դնում այն ամենը, ինչի համար մենք պնդում ենք բազմակարծությունը, դեբատը ժողովրդավարական հիմքերի առկայություն է, դեբատի, առողջ քննադատության, կարողությունների ամրապնդումը: Շատ ուրախ եմ, որ այս իմ համաձայնությունը տվյալ հարցազրույցին մասնակցելու՝ գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է, և ուրախ լինելով գնալ այնտեղ, որպեսզի ամրագրել այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից, հաշվի առնելով, որ դա դինամիկ երկխոսություն է լինելու, ՀՀ-ում դրդել է բավական ակտիվ քննարկում, որն ինձ համար արտահայտություն է կարծիքների բազմազանության:

Շնորհակալ եմ, քանի որ տարբեր կառուցողական քննադատության կարծիքներ են եղել: Հույսով եմ, որ բոլորն են կիսում այն կարծիքը, դիրքորոշումը, որն արտահայտվել է ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևորագույն բանը՝ Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը: Կարծես թե մենք բազմիցս սրա մասին խոսել ենք, արտահայտվել ենք բազում հարթակներում և նաև այդ ծրագրում: Սա է խնդրի էությունը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ շատ հստակ պարզ է բոլորիս համար, որ ԼՂ հիմնահարցը տարածքային վեճի հարց չէ:

«Սա մեզ համար անվտանգության և կարգավիճակի հարց է: Մեր մշտապես առաջ մղվող կետն է: Տարածք է, որտեղ ապրում են հայեր, որպեսզի այն մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որպեսզի Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում: Մենք եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Նոր բան չկա այստեղ: Այս ուղերձն է և եղել է և մնում է հիմնականը: Իմ առաջնային խնդիրը եղել է՝ մաքսիմալ սփռել այն, ինչ մեզ համար առաջնայինն է: Սա առաջին առիթը չէր, բազում առիթներ են եղել, սա շարունակվելու է, նոր առիթներ ենք փնտրելու: Տարբեր բաներ չենք ասում որևէ տեղ, դա մեր ներքաղաքական դեբատում հայտնի է: Շնորհակալ եմ, որ ի հայտ եկավ այն, ինչն ամենակարևորն է, բազմակարծիք, բազմազան հասարակություն, և կարևոր է, որ այդ կարծիքներն արտահայտելու բոլոր միջոցները կան»,- ասաց Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս