«Բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքում». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ «Հոկտեմբերի 27-ը» միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը: Նա դատապարտել է բռնությունը և շեշտել, որ 20 տարի անց էլ պետք է հիշել ու հերթական անգամ դատապարտել Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այդ ոճրագործությունը:
«1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։ Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքում»,- գրել է նա։