«Մարքետինգով զբաղվելու համար սիրելը բավարար չէ, բայց պարտադիր է». Վահե Ղազարյան
«Մարքետինգը նման է սառցաբեկորի: Նայում եք` մի փոքր մաս երևում է, բայց դրանից 5 անգամ շատ ջրի տակ կա»,- 168.am–ի հետ` խոսելով մարքետինգի առանձնահատկությունների մասին, ասաց Globbing ընկերության մարքետինգի գլխավոր պատասխանատու Վահե Ղազարյանը:
Ըստ նրա՝ մարքետինգը միայն գեղեցիկ միջոցառումները չեն. Իրական մարքետինգը սառցաբեկորի խորությունը հասկանալու նման բարդ է:
Վահե Ղազարյանը 12 տարի է՝ մարքետինգի ոլորտում է: Նախ՝ որոշել էր դիվանագետ դառնալ, հետո հասկացել է, որ ինքը մարքետինգի ոլորտն ավելի շատ է սիրում: Իր խոսքով՝ նա ապրում է մարքետինգով, ու հենց դրա համար է մարքետինգն իր համար հեշտ:
Վահե Ղազարյանի համար մարքետինգի հիմնական առանձնահատկությունը հասանելիությունն է:
«Մարքետինգի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի հարմարավետ դարձնել մարդկանց կյանքը: Լավ ծառայություն ստեղծելը բավարար չէ: Դա դեռ պետք է հասցնել հանրությանը»,- 168.am-ին ասաց Վահե Ղազարյանը:
Globbing ընկերության մարքետինգի գլխավոր պատասխանատուն մարքետինգով զբաղվելու առաջին փորձն արել է 18 տարեկանում: Վաճառել է գրիչներ ու սիրահարվել մարքետինգին:
«Մարքետինգով զբաղվելու համար սիրելը բավարար չէ, բայց պարտադիր է»,- ասում է նա ու ոլորտի նորեկներին խորհուրդ տալիս վարժություններ անել ու ինքնակրթվել:
«Մարքետինգի վերաբերյալ մենք բացթողում ունենք հենց կրթական ոլորտում: Այդ բացթողումը մենք լրացնում ենք առանձին միջոցառումների ու թրեյնինգների միջոցով: 5 տարի հետո մենք համաշխարհային շուկայում այնքան մարքետինգի ճանաչված հայ մասնագետներ կունենանք, որքան, օրինակ, Հայաստանում համաշխարհային ճանաչում ձեռք բերած բրենդային ընկերություններ կան»,- նկատեց Վ. Ղազարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ