Բաժիններ՝

«Չի կարելի նաև ինքնասպանությունը սոցիալական պատմություն դարձնել»․ հոգեբան

Յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 800․000 մարդ է մահանում ինքնասպանություններից, այսինքն՝ մեկ մարդ՝ ամեն 40 վայրկյանում։ Ինքնասպանությունը գլոբալ երևույթ է և կարող է իրականացվել ցանկացած տարիքում։ Համաձայն փաստերի՝ յուրաքանչյուր մեծահասակի ինքնասպանությանը բաժին է ընկնում 20-ից ավելի ինքնասպանության փորձ։

Պրոֆեսոր Մ․Սարչիաֆոնը՝ ԵՀԱ ինքնասպանության և ինքնասպանությունների կանխարգելման բաժնի նախագահը, նշում է․ «Ինքնասպանության դիմելուց 1 ամիս առաջ ավելի հավանական է, որ անձը կապ է հաստատել առաջնային բուժօգնության բժշկի, այլ ոչ հոգեկան առողջության ոլորտի մասնագետի հետ, այդ պատճառով պրակտիկ և շտապ օգնության բժիշկների կիզակետից վրիպում են ինքնասպանության փորձ կատարած անձինք»։

Երկրում ինքնասպանությունը հաշվելու համար վերցնում են 100․000 բնակչին բաժին ընկնող ինքնասպանությունները․ եթե նրանց թիվը 10-ից մինչև 20 է, դա համարվում է միջին մակարդակի, իսկ, եթե 20-ից ավելի է, ապա համարվում է, որ տվյալ երկրում մակարդակը բարձր է։

«Չվնասող լրագրություն» խորագրով սեմինարի ժամանակ «Ինթրա» ՀԱԿ գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժիշկ, հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն անդրադարձավ ինքնասպանությունների դեպքերի լուսաբանման առանձնահատկություններին:

«Ինքնասպանությունը լուսաբանելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների։ Վիճակագրությունը պետք է մեկնաբանվի զգուշորեն և ճշգրտորեն, պետք է օգտագործվեն հուսալի աղբյուրներ, հանպատրաստի մեկնաբանությունները պետք է գործածել զգուշորեն՝ անկախ ժամանակի սղությունից։

Ընդհանրապես մենք սիրում ենք վերցնել կյանքի պատմությունն ու ասել՝ այս զինվորն ինքնասպանություն գործեց, որովհետև հրամանատարն իրեն ծեծել է, կամ վերնագիր են դնում, որ՝ հրամանատարի հետ կոնֆլիկտից հետո զինվորը կատարել է այս քայլը։ Սա սարսափելի է։ Լրագրողը ո՛չ փորձագետ է, ո՛չ մասնագետ, ո՛չ էլ քրեական գործին ծանոթ անձ։ Դեպքը երեկ է եղել, դուք այսօր արդեն նման պատասխանատու վերնագիր եք դնում։ Հաջորդն այն է, որ չի կարելի ընդհանրացնել տեղի ունեցած դեպքերը։ Ասում են՝ բանակում ավելացել են ինքնասպանության դեպքերը․ մեր բանակում ինքնասպանության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են։

Չի կարելի նաև ինքնասպանությունը սոցիալական պատմություն դարձնել․ որ գումար չուներ՝ ուսման վարձը վճարելու, երեխան սոված էր, մայրը որոշեց ինքնասպան լինել։ Իրական պատմությունը չգիտենք, ամիսներ են պետք, որպեսզի պատճառների հետ կապված եզրակացություն գրենք»:

168.am-ի հարցին՝ ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ ունենալու, իսկ բանակում պատշաճ հոգեբանական ծառայություն մատուցելու առաջակներ արվե՞լ են Կառավարությանը, Խաչատուր Գասպարյանը պատասխանեց․

«Հազար անգամ առաջարկվել է։ Մեծ գումարներ են անհրաժեշտ, թեժ գիծը չի կարելի մեկ հասարակական կազմակերպության ուսերին թողնել։ Այն 24 ժամ պետք է գործի։  Չի կարող լինել թեժ գիծ, որտեղ ավտոմատ մարդուն կպատասխանեն, թե՝ կներեք, հիմա 18։00-ն է, զանգը չի սպասարկվի, զանգահարեք առավոտյան։ Ինչ վերաբերում է բանակին, ապա այնտեղ մենք հոգեբան չունենք։ Հիմնականում սովորական սպաներ են, իսկ զինվորն ինչպե՞ս կարող է գալ ու կիսվել նրա հետ։ Ճիշտ է, եթե ուժեղ, լավ մարդ է, կարողանում է կազմակերպել, բայց․․․»։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս