Ինչպես դառնալ հաջողակ բիզնեսմեն՝ առանց գումարի. Renderforest-ի համահիմնադիր Նարեկ Սաֆարյանի խորհուրդը

«Սկզբում եղել են դժվար տարիներ, քանի որ ներդրումներ չենք ընդունել, սակայն  պլատֆորմը հասել է հաջողության, ու արդեն 3 տարվա ընթացքում ունենք 8 միլիոնից ավելի օգտատեր»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ընկերության առջև ծառացած դժվարությունների մասին, պատմեց Renderforest առցանց վիդեոհարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Նարեկ Սաֆարյանը:

Ընկերության ստեղծումից 4 տարի անց Renderforest-ն արդեն կարողանում է իր խոսքը թելադրել թվային մարքետինգի շուկայում, անգամ խոշոր մասշտաբի միջոցառումներ կազմակերպել:

Renderforest-ը կազմակերպել է ReInvent միջոցառումը, որի նպատակն է՝ բացահայտել կյանքի թվային կողմը:

Նարեկ Սաֆարյանի նպատակն է՝ այս միջոցառման միջոցով ստարտափերներին հաղորդել, որ հնարավոր է առանց գումարի բիզնես ստեղծել:

«Պետք է փորձել թվային մարքետինգի մեջ գիտելիքներ հավաքել, քանի որ դա միակ տարբերակն է, որը թույլ կտա առանց գովազդի վրա ներդրումներ կատարելու՝ փորձել տարածել սեփական արտադրանքը: Մեր դեպքում մենք տարածվել ենք՝ օգտագործելով որոնման համակարգի գիտելիքներն առանց գումարի»,- 168.am-ին ասաց Նարեկ Սաֆարյանը:

Renderforest ընկերությունը, որն օգտատերերին հնարավորություն է ընձեռում առանց որևէ գիտելիքի ու գումարի տեսանյութ պատրաստել, ստեղծվել է 3 ընկերների շնորհիվ՝ առանց գումարի: Նրանք հավատացել են սեփական հաջողությանն ու 1,5 տարի աշխատել են անվճար:

«Ես իմ գիտելիքները ստացել եմ համացանցից, ինքնուս եմ: Կարդացածս փորձել եմ իմ ստարտափի վրա, ու այն հաջողվել է: Ես գումար չեմ ունեցել, այդ պատճառով որոշել եմ ստարտափը զարգացնել մարքետինգի սքիլերով: Renderforest-ը ստեղծվել է՝ որպես 3 հոգանոց թիմ: Պլատֆորմը թողարկել ենք 2015 թվականին: Օրական մեզ մոտ գրանցվում է 10.000 նոր օգտատեր ու ստեղծվում է 30.000-ից ավելի տեսանյութ»,- ասաց Renderforest-ի գլխավոր տնօրենը:

Նարեկ Սաֆարյանը վստահ է, որ լավ արտադրանքը հաջողակ բիզնեսի ամենամեծ գրավականը չէ: Հաջողակ լինելու համար նա ստարտափերներին խորհուրդ է տալիս հավատալ իրենց արտադրանքի հաջողությանը, շատ աշխատել ու չհանձնվել. «Մեծ բիզնեսները մեկ օրում չեն ստեղծվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս