Հայաստանը բացահայտել տեղացիների խորհուրդներով. ռուսական «National Geographic Traveler»-ի անդրադարձը
Ռուսական «National Geographic Traveler»-ը Հայաստանի մասին փորձագետներից ու տեղացիներից հավաքագրել է բազմաթիվ խորհուրդներ ու տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելու երկրի չբացահայտված կողմերը:
Հոդվածը սկսվում է Երևանից: «Օրը Երևանում հաճելի է սկսել մեկ բաժակ սուրճով: Ամռանը ցանկալի է դուրս գալ փողոց վաղ առավոտյան, քանի դեռ օրը չի տաքացել, շատ մարդ էլ չկա: Հաճելի է տեսնել, թե ինչպես է քաղաքն արթնանում»,-ասված է հոդվածում: Հեղինակն առաջարկում է լինել Կասկադ համալիրում, Հանրապետության հրապարակում, Մարզահամերգային համալիրում: Նաև այցելել Էրեբունի արգելոց թանգարան, լավ երաժշտություն լսել «Մալխաս» ակումբում, բարձորակ գինի խմել Սարյան փողոցի գինետներում:
Հրապարակման մեջ Երևանից դուրս ներկայացվում են Հայաստանի մյուս քաղաքները Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Սևանն իրենց գեղատեսիլ վայրերով, պատմամշակութային հուշարձաններով, եկեղեցիներով, խաչքարերով:
Գյումրին ներկայացվում է մի վայր, որտեղ պահպանվել է պատմությունը: Քաղաքի մասին շատ տեղեկություններ ստանալու համար խորհուրդ է տրվում այցելել Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Առանձին անդրադարձ է կատարվում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանին:
«Հայաստանը միշտ առանձնացել է իր հյուրասիրությամբ և աչքի ընկել համեղ խոհանոցով: Բազմազան ուտեստներն ու կոնյակը, գինին անտարբեր չեն թողել ոչ մեկին: Թերևս ոչ ոք Հայաստանից հիասթափված դեռ չի գնացել»,-ասված է հոդվածում: Տոլմա, խորոված, իշխան ձուկ, լավաշ, տեղական պանիր, սպաս և այլն, հայկական խոհանոցն առաջարկում է լայն ընտրության հնարավորություն: Հեղինակը նկատում է, որ վերջին տարիներին Երևանում բացվել են ռեստորաններ, որտեղ ներկայացվում է նաև սիրիական խոհանոցը:
Ինչ տանել Հայաստանից. հոդվածագիրը խորհուրդ է տալիս կերամիկա, գինի, փայտե նարդի, օբսիդիանե զարդատուփեր, գորգեր:
«Սրանք միայն հուշանվերների մի փոքր մասն են, որոնք կարելի է ձեռք բերել: Այստեղ կան նաև շատ տաղանդավոր նկարիչներ. Նրանց գործերը կարելի է գնել քաղաքի ոչ մեծ պատկերասրահներում, Երևանի Վերնիսաժում կամ Մարտիրոս Սարյանի անունը կրող պուրակում: Նկարները գրեթե ամեն օր ցուցադրվում են»,-ասված է հոդվածում: