Ստիվեն Նյուտոնը հարցաքննվել է

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես լինելու մասին հայտարարած Ստիվեն Նյուտոնի հայտարարությունների ուսումնասիրության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է վարույթ։ Ստիվեն Նյուտոնը Քննչական կոմիտեում հարցաքննվել է։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Նյուտոնի հայտարարությունների վերաբերյալ քրգործ կոմիտեում առկա չէ, և նա հարցաքննվել է ընդամենը վարույթի շրջանակում։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ստիվեն Նյուտոնի՝ լրատվամիջոցներում արած հայտարարությունները դատախազությունում ուսումնասիրվում են, և ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Ստիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը։

Հիշեցնենք, որ Ստիվեն Նյուտոնը Պողոս Պողոսյանի սպանությանն իր ականատես լինելու մասին կրկին խոսեց այս տարվա սեպտեմբերի 4-ին՝ Սահմանադրական դատարանի շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային մասնակցելու ժամանակ։

Հիշեցնենք նաև, որ այդ օրը Սահմանադրական դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի  (որը վերաբերում է խափանման միջոցի հիմքերին) և 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառելու մասին)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, իսկ բակում ընթանում էին բողոքի ակցիաներ Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների մասնակցությամբ։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս