«Վիկտոր Մնացականյանը դեռևս շարունակում է կատարել իր պարտականությունները». Քաղաքապետի խոսնակ
Հոկտեմբերի 24-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է գրել. «Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի և վստահության համար` ևս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին»:
168.am-ը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե կա՞ն քննարկումներ, թե ով պետք է փոխարինի Վ. Մնացականյանին և այս պահին համայնքապետարանում ո՞վ է կատարում նրա պարտականությունները։
«Վիկտոր Մնացականյանի ազատման դիմումը քաղաքապետը դեռ չի ստորագրել, քանի որ Հայկ Մարությանը գտնվում է կարճատև արձակուրդում։ Այսինքն՝ Վիկտոր Մնացականյանն այս պահին դեռևս շարունակում է կատարել իր պարտականություններ»,- ասաց Հ. Կարապետյանը։
Փորձեցինք Վիկտոր Մնացականյանից ճշտել, թե հնարավո՞ր է մինչև քաղաքապետի վերադարձը, մտադրությունը փոխի և հետ վերցնի դիմումը, սակայն վերջինս հեռախոսն անջատեց։
Զվարթ Խաչատրյան