«Պե՛տք էր գնալ Բաքու և հարամ անել Ալիևի խրախճանքը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվում բացվեց Չմիավորման շարժման համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանը ստանձնեց շարժման եռամյա նախագահությունը։

Ադրբեջանական իշխանությունները դրան երկար տարիներ են պատրաստվել, նրանց համար շարժումը միջազգային հանրության առջև սեփական կարծիքը առաջ մղելու առաջնային գործիքներից մեկն է դարձել։ Բաքվում կայացած միջոցառմանը 60-ից ավել երկրների նախագահներ ու վարչապետեր են մասնակցել։

Ինչպես կռահելի էր, Ալիևը օգտագործում է այս հավաքը Ադրբեջանի քարոզչական թեզերը առաջ մղելու համար, որոնք հիմնականում խարսխված են հակահայկականության և Ղարաբաղի հարցում Ադրբեջանի շահերը ու տեսակետները առաջ մղելու վրա․ ելույթի մի զգալի մասը՝ արդեն սովորական դարձած հակահայկական ձևակերպումներով, Ալիևը նվիրեց ղարաբաղյան հիմնախնդրին։

Այս ֆոնի վրա զավեշտալին այն է, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել չմասնակցել Բաքվում տեղի ունեցող այս միջազգային հավաքին, թեև Հայաստանը հանդիսանում է այդ շարժման դիտորդ անդամ և ուներ բոլոր իրավունքները մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրեր առաջ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ մասնակցությունը նպատակահարմար չի գտնում։

Ստիպված եմ կրկին արձանագրել, որ կառավարությունը անուժ եւ անատամ արտաքին քաղաքականություն է վարում։

Քանիցս ասել եմ այն մասին, որ բարձրաստիճան մեր պաշտոնյաները, մասնավորապես ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը միջազգային հարթակներում ընդհանրապես խուսափում են խոսել Ղարաբաղի խնդրի մասին, այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով սա սարքել է մատի փաթաթան, և հայաստանյան գործող իշխանություններից, կառավարության ներկայացուցիչներից հակազդողներ ընդհանրապես չկան։

Ինչևէ, ըստ ամենայնի, արդեն ակնհայտ է, որ կազմակերպության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Ղարաբաղի մասով հակահայկական բնույթի ձևակերպումներ կլինեն և Ալիևը այսպես կոչված միջազգային փաստաթղթերի վրա հղում անելու ևս մեկ հնարավորություն կստանա։

Այս ֆոնի վրա պե՛տք էր գնալ Բաքու, պե՛տք էր գնալ և հարամ անել ադրբեջանական քարոզչությունը մեր ներկայությամբ, մեր տեսակետները հնչեցնելով, Բաքվում շփումներով, ելույթներով և այլն։ Գիտեմ, որ դժվար է, սակայն 2017թ․ սեպտեմբերին՝ ինքս Բաքվում լինելով, դա արել եմ․ ներկայությամբ, ակտիվությամբ, հանդիպումներով, մամուլի ասուլիսներով հարամ ենք արել ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքը Եվրանեստի շրջանակներում։ Պե՛տք էր գնալ Բաքու, և պե՛տք էր Բաքվում սեփական տեսակետները ներկայացնել՝ Ալիևի հակահայկական քարոզչությանը դիմագրավելու համար։

Թեպետ, երբ երկրի ԱԳՆ-ը BBC-ի եթերում Արցախի հարցով տանուլ է տալիս, բայց նախորդ իշխանավորներին ճամպրուկով փող բերելու մասին Նիկոլի դատարկ եւ առ այսօր փաստերով չհիմնավորված մտքերն է կրկնում, այս իշխանություններից էլ ի՞նչ սպասեինք»։

ՊԵՏՔ ԷՐ ԳՆԱԼ ԲԱՔՈՒ ԵՒ ՀԱՐԱՄ ԱՆԵԼ ԱԼԻԵՒԻ ԽՐԱԽՃԱՆՔԸԵրեկ Բաքվում բացվեց Չմիավորման շարժման համաժողովը, որի ժամանակ…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 26. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս