«Ավելի քան չհիմնավորված ձևով է տեղի ունեցել Արսեն Բաբայանի ձերբակալությունը». Լարիսա Ալավերդյան

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը նույնպես կիսում է այն տեսակետը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հիմքերը բացակայում են։

«Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում կան կետեր, որոնք ուղղակի պահանջում են, որպեսզի հիմնավորված լինեն այն հիմքերը, որով ընտրվում է խափանման միջոցը, տվյալ դեպքում՝ կալանավորումը։ Այս ամենը շատ հստակ է, և մեր պետական օրենսդրության մեջ չեմ տեսնում այս կալանավորման ո՛չ հիմնավորումները, ո՛չ էլ այն գործոններն ու փաստարկները։ Այո, կիսում եմ այն կարծիքները, որ ավելի քան չհիմնավորված ձևով է տեղի ունեցել Արսեն Բաբայանի ձերբակալությունը, այնուհետև՝ կալանավորումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը։

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների ժամանակ միշտ քննադատել են այն մեթոդը, որով ծրագրում են անձին որպես վկա կանչել հարցաքննության, այնուհետև երբ նա ներկայանում է, անմիջապես կալանավորում են։

Այս ամենը, նրա բնորոշմամբ, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակասի, կա՛մ ցինիզմի դրսևորման շարքից է իշխանության կողմից, մասնավորապես՝ իրավապահ կամ ուժային կառույցների կողմից։

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ուշագրավ հայտարարությանը, որ ՀՔԾ աշխատակիցներն իրեն տարել են վիրահատարանից, միայն հարցաքննությունից հետո է եկել և շարունակել վիրահատությունը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ չի կասկածում Արա Բաբլոյանի խոսքերին, ավելին, նրան վիրահատարանից տանելը ոչ միայն հիվանդի, այլև բժշկի պրոֆեսիոնալ գործունեությունը խախտող երևույթ է։
«Կարծում եմ, որ այդ շտապողականությունը, որը ցուցաբերել է պատկան մարմինը, երկու բան է նշանակում, նախ՝ ուժային կառույցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, և երկրորդ՝ կարծես թե բարոյական բոլոր նորմերն անտեսել են»,- եզրափակեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս