Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխված «հերոսները». Պետությունը կֆինանսավորի սեռափոխություն քարոզող ֆիլմը. «Փաստինֆո»
Պետությունը 20 միլիոն դրամ կտրամադրի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի՝ Մելի, մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանմանը։ Ֆիլմում կներկայացվի սեռափոխության ենթարկված Մելի եւ նրա ընկերուհու պատմությունը, սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը։ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերից պետական ֆինանսավորման համար ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի ցանկում է։
Այս կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ, որը, հիշեցնենք, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս եկավ այն բանից հետո, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մրցանակ ստացավ ռեժիսոր Ռատի Ցիտելաձեի ՝ տրանսգենդերի մասին պատմող «Հասարակության գերին» ֆիլմը ։
«Ես, ճիշտն ասած, բացարձակ շոկ չապրեցի։ Սա ամբողջությամբ մտնում է այն տրամաբանության մեջ, որով այսօր մշակույթի իշխանությունը գործում է»,- ասաց Դավիթ Սահակյանցը՝ մատնանշելով հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն առարկաների դուրս բերումը բուհական ուսումնական ծրագրից, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տրանսգենդերի մասին պատմող ֆիլմին մրցանակ շնորհելը, ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը։
«Ինձ համար, բնականաբար, դա անընդունելի է, համարում եմ, որ իսկապես, ավելի կարեւոր պատմական հերոսներ կան, որոնց կարելի էր անդրադառնալ եւ առհասարակ, եթե վերցնենք սպորտի ոլորտը, ապա սպորտում շատ ավելի կարեւոր ձեռքբերումներ կան, քան սեռափոխությունը։ Ուրիշ բան ես չէի էլ ակնկալում այսօրվա մշակույթի նախարարությունից (նկատի ունի ԿԳՄՍ նախարարությունը,-խմբ.), ընդ որում ես այն ռեժիսորներից եմ, որը զրկվել է պետական ֆինանսավորումից։ Վարազդատ արքայի՝ Օլիմպիական խաղերին մասնակցության մասին պատմող ֆիլմի համար ֆինանսավորում կար 4 տարի, սակայն այս տարի ֆինանսավորումից զրկվեցինք եւ մեկ տարի չունենք այդ ֆինանսավորումը այլեւս։ Ես տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետեւ նոր հերոսների ժամանակ է եկել. այլեւս հերոսները ոչ թե Վարազդատն է կամ այլ պատմական անձինք, այլ Մելինեն է։ Ես իմ վերաբերմունքն եմ հայտնում ոչ թե անձին, այլ փաստին՝ քարոզին, ինչի պատճառով էլ դուրս եմ եկել կինեմատոգրաֆիստների միությունից»
-Ձեր ֆիլմի ֆինանսավորումն ի՞նչ հիմնավորմամբ մերժվեց եւ առհասարակ, ի՞նչ չափանիշներով են ընտրվում պետական ֆինանսավորման արժանի ֆիլմերը։ Այս մեկն, օրինակ, ինչու՞ է ընտրվել Ձեր կարծիքով։
-Ես տեղյակ չեմ, թե ինչ չափանիշներով է ընտրվել այդ ֆիլմը։ Եթե չեմ սխալվում, պրոյեկտները ներկայացվում են, որից հետո հայտարարվում է՝ ֆիլմը ֆինանսավորում ստանո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Մեր պարագայում դա առհասարակ, ոչ էլ արվեց եւ անցած տարվա մեր կատարած աշխատանքին դեռ եզրակացություն էլ չի տրվել։ Մենք , ընդհանուր առմամբ, ուղղակի օդում ենք կախված, այսինքն որեւէ բացատրություն չի եղել, թե ինչու օրինակ մեր ֆիլմն այս տարի չունեցավ ֆինանսավորում։ Ես ձեզ ասեմ, անկեղծորեն, ուրախ էլ եմ, որ նման մշակույթի նախարարությունից մեր ֆիլմը աջակցություն չի ստանա։ Մենք փորձում ենք մեր ուժերով ֆիլմը հասցնել ավարտին եւ որքան քիչ՝ անձամբ ես , առնչություն ունենամ այսօրվա նախարարության հետ, այդքան ավելի հանգիստ ու, այդ բառը չեմ սիրում ՝ հպարտ կզգամ։
–Որքա՞ն ֆինանսավորում էր անհրաժեշտ «Վարազդատ»-ի համար։
-Մենք տարեկան ունեինք 50 միլիոն դրամի չափով ֆինանսավորում, որը ձեւավորվել է 18-19 տարի առաջ՝ առհասարակ, լիամետրաժ-անիմացիոն ֆիլմերի ստեղծման համար։ Նույն գումարը պետք է ստանայինք, նույնիսկ գումարը իջեցրեցինք մինչեւ 30 միլիոնի, որ գոնե ֆիլմն ավարտին հասցնենք, դա էլ չունեցավ շարունակություն։
-Պարոն Սահակյանց, եթե տարբեր իրադարձությունների լույսի ներքո, փորձենք առավել համալիր նայել այն մտահոգությունները, որոնց մասին վերը խոսեցինք, փաստորեն, տեսանք «Ոսկե ծիրան»-ում վրացի ռեժիսորի ֆիլմին մրցանակ շնորհվեց, հիմա պետական մակարդակով ֆինանսավորվում է այս ֆիլմը, որի ռեժիսորը բացահայտ նշում է, թե նպատակը որն է, օրակարգում ունենք հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որի վավերացումից բխող հնարավոր վտանգների մասին տեւական ժամանակ է ահազանգում են հենց իրավական հանրույթի ներկայացուցիչները։ Այս բոլորը միեւնույն շղթայի օղակնե՞ր են։
-Այո, ամբողջությամբ փոխկապակցված են իրար հետ եւ այսօր մեր երկիրը ղեկավարող ուժերը անում են ամեն ինչ, որպեսզի իրենց պատկերացրած աշխարհայացքն ամեն կերպ կապեն մեր վզին եւ ստիպեն այն ձեւով, որն իրենք են ճիշտ համարում։ Սա շատ մեծ վտանգ է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: