«Լավ կլիներ՝ իշխանությունն ասեր, թե դրանով ի՞նչ խնդիր է լուծել». Վահե Էնֆիաջյանը՝ պետբյուջեից ծախսված 196 միլիոնի մասին

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ փոխնախագահ Վահէ Էնֆիաջյանը

 – Պարո՛ն Էնֆիաջյան, այսօր կայացավ Ձեր հանդիպումը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ. հանդիպման նպատակը ո՞րն էր, և որպես արդյունք՝ ի՞նչ կարող եք արձանագրել։

– Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային նոր զարգացումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հետաքրքիր էր, թե հետագայի հետ կապված արդյո՞ք ինչ-որ վերլուծություններ են արվել՝ տարաշաշրջանում առկա զարգացումնրի, դրանց փոփոխությունների հետ, ինչպես նաև քննարկվել է, թե ինչ համապատասխան գործիքակազմ կարելի է կիրառել՝ որպես կանխարգելող միջոցառում։

Մեզ համար ամենկարևոր հարցը Արցախի հիմնախնդիրը և Ադրբեջանի կողմից շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին նման կարևորագույն միջազգային կազմակերպության կողմից դիրքորոշումներն են կամ դրանց չուշացումը։

– Ներքաղաքական ամենաակտուալ թեման Սահմանադրական դատարանի նախագահի և նրա հետ կապ ունեցող անձանց շուրջ կատարվող իրադարձություններն են. Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելուն օժանդալելու համար: Ըստ Ձեզ՝ Արա Բաբլոյանը կարո՞ղ էր նման բան անել։

– Եթե ես իմ անձնական կարծիքն ասեմ, ապա պետք է նշեմ, որ չեմ հավատում, չեմ սպասում, որ նման բան կարող էր տեղի ունենալ, բայց պետք է սպասենք իրավական գնահատականին՝ նման փաստ կա՞, թե՞ չկա։ Եթե  կա, ապա բոլորն էլ՝ անկախ նրանից, թե նախկինում կամ ներկայում ինչ պաշտոն են զբաղեցնում, պետք է պատասխան տան։ Առհասարակ Սահմանադրական դատարանի թեման հասարակական լայն քննարկման առարկա է դարձել, իրականում շատ կարևոր հարց է, բայց ես գտնում եմ, որ մենք ունենք այլ բազմաթիվ հարցեր ևս, որոնց պետք է անդրադարձ կատարել։

– Ինչպե՞ս եք գնահատում Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող գործընթացը, այն իրավակա՞ն է, թե՞ քաղաքական։

– Քաղաքական վերլուծությունների պակաս չկա, բայց գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծում ստանա, որի համար պետք է նայեք՝ եթե ուզում ենք օրինականություն հատատել, դա պետք է անենք բացառապես օրինականության ճանապարհով։ Օրինակ՝ մենք առիթ ենք ունեցել խոսելու, որ 109-րդ հոդվածի 4-րդ մասը խախտված է՝ կապված քննարկվող ժամկետների հետ, և պետք է այդ նախաձեռնությունն այնքան հիմնավոր լինի, որ իրոք հարցը լուծում ստանա, պետք է շատ ավելի ծանրակշիռ գործողություններ իրականացնել։

Իսկ իրականացվող գործողություններն այդպիսին չե՞ն:

– Դրա ամենալավ և օբյեկտիվ ցուցիչն այն կլինի, երբ տեսնենք՝ ի՞նչ են ձեռնարկել և ի՞նչ հետևանք կա, այսինքն՝ հարցի լուծում կա՞, թե՞ ոչ։

– Որպես պատգամավոր՝ ՍԴ-ում ճգնաժամ տեսնո՞ւմ եք։

– Այն, որ լրջագույն խնդիրներ կան, երկրորդ կարծիք չկա, ընդ որում, այս օրերին քննարկվում է Վահե Գրիգորյանի հարցը, որը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, բայց պետության միջոցներից աշխատավարձ է ստանում:

– Ազգային ժողովն է Վահե Գրիգորյանին գործուղել Սահմանադրական դատարան, բայց նա ընտրվելուց ի վեր չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, որևէ գործով  զեկուցող չի եղել, բայց ստացել է աշխատավարձ, ծառայողական մեքենա, պարգևավճարներ, և՝ ոչ միայն։ Գրիգորյանին ընտրած Ազգային ժողովն այստեղ ասելիք կամ անելիք չունի՞:

– Նախաձեռնությունը մեր քաղաքական ուժինը չէ, բայց առաջիկայում տեղի է ունենալու տարվա ամփոփման գործընթաց, և մենք պետք է հասկանանք, եթե պետությունը միջոցներ է հատկացնում անձին կամ անձերին՝ այստեղ պատասխանատվության եզրույթ կա. մարդ պետք է հասկանա՝ ինչի համար  է աշխատավարձ ստանում և ինչ գործառույթներ պետք է կատարի։

– Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ.  պատգամավորը երկու ժամ տևած  հանդիպումից մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ Հունանյանն ադեկվատ էր: Ինչպե՞ս եք գնահատում պատգամավորի այս քայլը: Դուք ցանկություն ունե՞ք նրա հետ հանդիպելու։

– Կարող է մարդկանց մի հատված լինել, որը սուր կքննադատի, բայց մյուս կողմից էլ՝ կարելի է ասել, իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չպետք է հանդիպել՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները։ Միգուցե նոր հանգամանքներ ի հայտ գան. հանդիպումը պատգամավորական գործառույթների մեջ է մտնում, և, ըստ էության, փակ դռներ չկան։ Ես չգիտեմ՝ իրենք ինչի՞ մասին կարող էին երկու ժամ խոսել, բայց դա նրա՝ պատգամավորի իրավունքն է։

Բայց ես, իհարկե, որևէ ցանկություն չունեմ Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու։

– Հնչում են գնահատականներ, որ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումը միտումնավոր է նետվել քաղաքական օրակարգ, որի նպատակը սլաքները Ռոբերտ Քոչարյանին ուղղելն է: Դուք ի՞նչ կասեք։

– Յուրաքանչյուր քաղաքացի, ով կրում է նման պատիժ, 20 տարի անց կարող է դիմել որ իր գործը վերանայվի. 20 տարին լրացել է, և հասկանալի է, որ իրավունք ունի դիմելու, բայց հասկանալի չէ՝ նրանց ինչպե՞ս կարող են ազատ արձակել, ինչպե՞ս կարող է այդ գործը վերանայվել. դա աբսուրդի ժանրից է։

 – Կառավարությունը հաստատեց, որ պետական բյուջեից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցը հարկատուներին արժեցել է  196 մլն 884 հազար դրամ։ Որպես պատգամավոր՝ Ձեզ համար արդարացվա՞ծ է 196 միլիոն դրամի ծախսն այդ  այցի համար: Տեղյա՞կ եք՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանն այդ այցից:

– Հայաստանի պետական բյուջեն պետք է շատ զսպված իրականացնել, պարբերաբար կոչեր են հնչում, որ այդ գործուղումների համար պետական բյուջեից ծախսերը պետք է շատ զուսպ և արդարացված լինեն։ Ավելի լավ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներն ասեին՝ այդ ծախսերի դեպքում ինչ հարցեր են դրել իրենց առջև, ինչ խնդիր են դրանով լուծել։ Պետական միջոցների նկատմամբ պետք է չափազանց պատասխանատու լինել. ամեն մի միլիոնը շատ մեծ գումար է. այդ միլիոններով կարող էին սոցիալական ծրագրեր ու կրթական ծրագրեր իրականացնել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս