Անկարգությունների հետևանքով շուրջ 90 մարդ է տուժել Բաղդադում, կան զոհեր. Sky News Arabia
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ստացվող տեղեկատվության համաձայն, մի քանի հազար ցուցարարներ փորձել են ներխուժել քաղաքի «կանաչ գոտի», որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական հիմնարկները: Իրավակարգի պահապաններն ակտիվորեն արցունքաբեր գազ են կիրառում: Բախումների հետեւանքով տուժել է մոտավորապես 90 մարդ, նրանցից մի քանիսը շնչառության հետ կապված խնդիրներ ունեն: Ընդսմին, ինչպես պնդում է ՆԳ նախարարությունը, անկարգությունների ընթացքում վիրավորվել է 60 ուժային:
Անհանգիստ է նաեւ երկրի հարավային նահանգների մեծ մասում: Այնտեղ նույնպես հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքների, սակայն առայժմ տեղեկատվություն չի ստացվել լուրջ միջադեպերի վերաբերյալ: Էն Նասիրիա քաղաքում՝ Բաղդադից 350 կիլոմետր հարավ գտնվող Դի-Կար նահանգի վարչական կենտրոնում, ցուցարարները հայտարարել են, որ փողոցներից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ հրաժարական չի տվել վարչապետ Ադել Աբդել Մահդիի կառավարությունը:
Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսվել ի նշան աղքատության, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի: Մարդիկ Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային ու հյուսիսային նահանգներում պահանջում էին կառավարության հրաժարականը: Խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերաճել ոստիկանների ու զինծառայողների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: