«Բավականին համաչափ է այն գումարը, որը պետք է ստանան նախարարները». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ժամանակին պարգևավճարների հարցը շատ է քննարկվել, այդ թվում՝  իրենց խմբակցությունում, քանի որ պարգևավճարների չափն ու տրման կարգը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում:

«Աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցին վարչապետը մանրամասն անդրադարձել է: Բայց շեշտեմ մի քանի բան ու սկսեմ դրականից՝ շատ լավ է, որ Կառավարությունը լուծեց պարգևավճարների լիմիտի հարցը: Այսօր գիտենք, որ այն թվերը, որոնք նախկինում եղել են, որոնք շատ էին մտահոգում բոլորին՝ այսօր չկան: Կարծում եմ՝ բավականին համաչափ է այն գումարը, որը պետք է ստանան նախարարները: Ճիշտ ասած՝ ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հասարակությանը»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց Հ. Իգիթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականին, որով կրկնապատկվել են մի շարք նախարարաների, փոխնախարարների աշխատավարձը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով էլ՝ աշխատավարձերի բարձացման գործընթացն է գաղտնի եղել, իսկ բուն գաղտնիության ռեժիմ այդքան էլ գաղտնի չի եղել:

«Այնպես որ՝ այստեղ այդ առումով խնդիրը լուծված է: Գաղտնի այն փաստաթղթերն են, որոնք երբեք հնարավոր չէ տեսել, հակառակ պարագայում՝ նշանակում է լուրջ խնդիր ունենալ Քրեական օրենսգրքի հետ»,- շեշտեց նա:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս