«Այս հարցը պետք չէ այդ հարթության մեջ տեղավորել». Իվետա Տոնոյանը՝ «Հայելու առաջ» հաղորդաշարի փակման մասին
Այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողներից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝ որպես «Կենտրոն» հեռուսատընկերության հետ նախկինում կապ ունեցող անձ, կարո՞ղ է արդյոք պատասխանել՝ ինչո՞ւ փակվեց Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդաշարը։
Ի պատասխան՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, սակայն հաղորդման փակվելու հետ կապված արդեն հեռուստաընկերության տնօրենը տվել է մեկնաբանություն՝ փակումը կապելով նոր եթերաշրջանի թարմացման և նոր հաղորդումների հետ։
Լրագրողի դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների, հեռուսատաընկերության սեփականատիրոջը միջնորդել են, որ քաղաքական հայացքներով պայմանավորված այլևս այդ հաղորդւմը եթեր չհեռարձակվի, Իվետա Տոնոյանն ասաց.
««Կենտրոն» հեռուստաընկերությունը «Մուլտի Գրուպի» կազմում է և քաղաքական առնչությունը բացատրվում է միայն նրանով, որ «Մուլտի Գրուպի» հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, բայց այդ հեռուստաընկերությունը կուսակցական պատկանելիություն չունի։
Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումների մասին հրապարակումներին, ապա դրա հետ կապված հրապարակումների մասով ասեմ, որ այս հարցը պետք չէ այդ հարթության մեջ տեղավորել: Կարծում եմ՝ Անժելա Թովմասյանը հաղորդման փակվելու մասով պարզ կերպով իր դիրքորոշումը ներկայացրել է»: