ՀՀ ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչն ընդգծել են երկխոսության խորացումը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եվրասիական տարածաշրջանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցութան խորացումը և ընդլայնումը:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով տեղի ունեցող փոխայցելություններն ու հանդիպումները զգալիորեն խթանել են հայ-չինական երկխոսության խորացումը և նպաստել, ի թիվս այլոց, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտակրթական ոլորտներում համագործակցության առավել զարգացմանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել[1] բազմակողմ հարթակներում առկա փոխգործակցության առնչությամբ:
«Հայաստանի ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի մոտեցումներին և սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը կարևորեցին խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
ՉԺՀ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «Մեկ Չինաստանի» սկզբունքի առնչությամբ ունեցած դիրքորոշման համար»,- նշված է հաղրոդագրության մեջ: