«Եթե մարդ որոշում է հեռանալ, ինձ թվում է՝ ոչ միշտ է, որ պետք է հետ կանգնեցնել կամ հետ բերել». Վլադիմիր Կարապետյան

Երեկ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում էր գրել: Այսօր «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ թեմային:

Հարցին՝ արդյո՞ք Հ. Քոչարյանի հրաժարականի պատճառը բարձրաձայնված անհամաձայնությունն էր, որ ոստիկանական համակարգը չպետք է գլխավորի քաղաքացիական անձ, Վ. Կարապետյանը պատասխանեց.

«Դրանից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել, ինչը և արվել է: Իրեն կարող եք դիմել այդ հարցով: Պարզապես ինքը գրել է դիմում, ու դրա հիման վրա որոշումը կայացվել է, ներկայացնել նախագահին գրություն՝ ազատման վերաբերյալ»:

Հարցին, թե մինչև ո՞ւր են հասնելու ուժայինների հրաժարականները, վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Եթե ինքը որոշում է, որ պետք է լքի, մենք պետք է կանգնացնենք, ասենք՝ մի լքի՞ր: Այդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա այդպիսի որոշում են կայացրել: Շատ նորմալ է, որ թարմացում է գնում:

Եթե մարդ որոշում է հեռանալ, ինձ թվում է՝ ոչ միշտ է, որ պետք է հետ կանգնեցնել կամ հետ բերել»:

Ի դեպ, արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հովհաննես Քոչարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս