Մորալեսը հայտարարել է ընտրությունների արդեն առաջին փուլում նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար, հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններում իր հաղթանակի մասին արդեն առաջին փուլի արդյունքներով: Այս պնդումով նա հոկտեմբերի 24-ին հանդես է եկել Լա Պասում կայացած մամուլի ասուլիսում: Միջոցառումը հեռարձակվել է Telesur հեռուստաալիքով:
«Մենք հաղթել ենք առաջին փուլում, իմ եւ ընդդիմության թեկնածու Կառլոս Մեսայի միջեւ տարբերությունը կազմել է 600 հազար ձայն»,-նշել է Մորալեսը: Ընդսմին նա ընդգծել է, որ ընդդիմությունը, որը համաձայն չէ ժողովրդի կամաարտահայտման արդյունքներին, «չի ցանկանում հաշվի նստել տեղաբնիկների ձայների հետ՝ դրանով իսկ խտրականության ենթարկելով քաղաքացիների որոշակի խմբի»: Բոլիվիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին:
Ընտրությունների առաջին նախնական արդյունքները հրապարակվել էին ընտրական տեղամասերի փակումից չորս ժամ անց: Դրանից հետո Մեսան հայտարարել է, որ կայացած քվեարկության արդյունքներն իրեն թույլ են տալիս անցնել երկրորդ փուլ:Մորալեսն իր հերթին ասել է, թե այն պահին դեռեւս չհաշվված գյուղական շրջանների բնակիչների ձայները երաշխավորում են իր հաղթանակն արդեն առաջին փուլում: Ավելի ուշ Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել է նոր նախնական տվյալներ, որոնց համաձան Մորալեսն անհրաժեշտ թվով ձայներ է հավաքում առաջին փուլում հաղթելու համար: Մեսան հայտարարել է, որ չի ճանաչում պետության ներկայիս նախագահի հնարավոր հաղթանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: