Ինչպես կանդրադառնան սիրիական համաձայնությունները ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա

«Սիրիական համաձայնությունները կարևոր են ոչ միայն Սիրիայի, Մերձավոր Արևելքի, այլև հարևան տարածաշրջանների համար»,- այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ ձեռք բերված Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություններին, ԱՄՆ դիրքորոշմանը, ինչպես նաև սիրիական զարգացումների արդյունքում ձևավորված հարաբերությունների համակարգի ազդեցությանը հայկական աշխարհաքաղաքական խնդիրների վրա:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ տարիներ շարունակ ձգվող սիրիական պատերազմի ներկայիս հանգրվանը ցույց տվեց, որ Ռուսաստանի հետևողական քաղաքականությունը  Սիրիայում, այսինքն՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելը ճիշտ էր, Ռուսաստանը ստիպված չեղավ դավաճանել իր գործընկերներին և պահպանեց այն դիրքորոշումը, որը որդեգրել էր Սիրիայում պատերազմի բռնկման հենց սկզբից, չնայած Ռուսաստանի ներգրավումը Սիրիայում բազում քննադատությունների արժանացավ:

Բայց, ըստ նրա՝ Ռուսաստանը կարողացավ այդ հետևողական և բազում քննադատությունների պայմաններում Թուրքիայի հետ համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները դադարեցնելու և հետագա զարգացումները վերահսկելու շուրջ, համագործակցելով, իհարկե, Միացյալ Նահանգների հետ, ինչը, փորձագետի խոսքով, զարմանալի կարող է թվալ: Միևնույն ժամանակ, Լուկիանովի որակմամբ՝ հայտարարելով Սիրիայից դուրս գալու և այնտեղ ամերիկյան առաքելությունն ավարտված համարելու մասին՝ Միացյալ Նահանգները փորձեց մասամբ պահպանել իր դեմքը՝ հասկանալով, որ քրդերի դիրքորոշմանն աջակցելը շարունակելու է սիրիական հակամարտության անկանխատեսելի փուլը:

«Կարծում եմ՝ իսկապես դրանք կարևոր համաձայնություններ էին: Առավել կարևոր հանգամանք եմ համարում այն, որ բոլոր գերտերությունները գործեցին հանուն հրադադարի հաստատման, մի կողմ թողնելով աշխարհաքաղաքական շահերը, այդ թվում՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանը, հասկանալով, որ պետք է գործել՝ «լսելով» միմյանց, այլապես կարգավորում հնարավոր չէ: Սա, կարծում եմ, իսկապես ձեռքբերում է: Միացյալ Նահանգներն աջակցեց քրդերին, բայց վերջին շրջանում սինքրոն գործեց մյուս ուժերի հետ, և գրեթե բոլոր կողմերը գործեցին հօգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության:

Այս արդյունքին աջակցեց նաև ԱՄՆ այն դիրքորոշումը, որ Սիրիայում ԱՄՆ-ը ուղիղ անելիք չունի և դեմ չէ, որպեսզի այստեղ Ռուսաստանն ակտիվ և նշանակալի դերակատարություն ստանձնի: Միացյալ Նահանգներն իր այդ դիրքորոշման պատճառով նաև անկայուն քաղաքականություն ունեցող երկրի տպավորություն ստեղծեց: Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ բոլոր տերությունները գործեցին միահամուռ կերպով, ինչը, կարծում եմ՝ տվեց սիրիական հակամարտության կարգավորման փուլի մեկնարկը, թեև համաձայնություններում ներգրավված երկրների պատկերը թույլ չի տալիս կայուն եզրահանգումներ անել: Հաջողվեց խուսափել առճակատումից և շահերի բախումից Սիրիայում, սա՝ այս փուլի համար: Կարծում եմ՝ սահմանադրական խորհրդի աշխատանքից ևս շատ բան է կախված, և նրանից, թե ինչպես բոլոր կողմերը կպահեն իրենց պայմանավորվածությունները և դիրքորոշումները»,- ասաց Լուկիանովը:

Ըստ նրա՝ այս իրավիճակը դրական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի ունեցած արտաքին քաղաքական խնդիրների, ԼՂ հակամարտության  վրա՝ մասնավորապես: «Թեև ԼՂ հակամարտության վրա սովորաբար չի ազդեցում  միջազգային հարաբերություններում առկա իրավիճակը, բայց հարևանության գոտում շարունակվող պատերազմները, բնականաբար, ռիսկեր են ստեղծում հակամարտության համար:

Այն համոզմանն եմ, որ ԼՂ հակամարտության գոտում գործընթացները պայմանավորված են բացառապես կողմերի  և միջնորդների դիրքորոշումներով, որոնք վերջին շրջանում չեն փոխվում»,- ասաց նա: Հարցին, թե ռուս-թուրքական մերձեցումը Սիրիայում կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, ասաց, որ որևէ նման ազդեցության հնարավորություն չի տեսնում:

«Մենք գիտենք, որ Թուրքիային փորձում է ԼՂ հակամարտության գոտում ակտիվացնել Ադրբեջանը, և ոչ՝ Ռուսաստանը: ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր չէ, չունի ազդեցություն, իսկ ձևաչափի փոփոխություն, չեմ կարծում, թե կլինի: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, ի տարբերություն սիրիական թեմայի, միշտ հնարավորինս համաձայնեցված են գործել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, և այստեղ Միացյալ Նահանգները մեծ ակտիվություն չի ցուցաբերել, ինչը նշանակում է, որ առավելապես կողմերն են կառավարում հակամարտությունը»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս