«Հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ». Գրիգոլ Լիլուաշվիլի
Վրաստանն ինքը պետք է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:
«Խաղաղությունը, որին մենք հասել ենք, պրագմատիկ ու խելամիտ արտաքին ու ներքին քաղաքականության անցկացման արդյունքն է»,-ասել է Լիլուաշվիլին՝ Imedi հեռուստաալիքի SWOT հաղորդման ժամանակ:
«Եթե հանդիպում կամ որեւէ ձեւի հաղորդակցում լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունն իրականացնող անձանց հետ, բնականաբար, դա չպետք է դիտվի երկրի դեմ ձեռնարկված քայլ: Քանի որ եթե մենք ինքներս չենք կարողանում հոգ տանել մեր շահերի մասին, դա չի անի ոչ մի բարեկամ երկիր»,-նշել է Լիլուաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է սովորի խոսել Ռուսաստանի հետ, որպեսզի խնդիրները լուծի այնպես, ինչպես դա անում են քաղաքակիրթ աշխարհում:
«Եթե քաղաքական գործիչները որոշեն, որ պետք է քաղաքական բարձր մակարդակով խոսել Ռուսաստանի համապատասխան ներկայացուցիչների հետ, ապա դա, անտարակույս, կդյուրացնի գործընթացը»,-ասել է նա: Լիլուաշվիլիի խոսքով՝ հարկավոր է շփման կետեր գտնել Ռուսաստանի հետ, եւ դրանցից մեկը կարող է լինել ահաբեկչության դեմ պայքարը:
«Դա կարող է քննարկման թեմա լինել, դրա շուրջ մենք կարող ենք խոսել»,-ընդգծել է նա: Պետանվտանգության ղեկավարը նաեւ նշել է զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառները:
«Ռուսատյացությունը մեզ օգուտ չի բերի, քանի որ ժողովուրդը միանգամայն անկեղծ սրտով է դիմավորում հսկայական տուրիստական հոսքը Ռուսաստանից: Ժողովրդի մեջ ագրեսիա չկա ռուս ազգի նկատմամբ… Բայց, բնականաբար, մենք համաձայն չենք Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությանը»,-հայտարարել է Լիլուաշվիլին, հաղորդել է Sputnik-ը: