«Չեմ բացառում, որ կհայտնվեն մարդիկ, որոնք կտան տեղեկություններ, որոնց հիման վրա կարճված մասով «Հոկտեմբերի 27»-ի գործը կվերաբացվի». փաստաբան

Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին: Դիմումի պատասխանը պետք է տրվի 80-օրյա ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 1-ը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ մի մի քանի սցենար է առաջ քաշել:

«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։

Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշերով, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- նշել է նախարարը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին՝ հայտարարել է՝ Հունանյանի կողմից վաղաժամ ազատման խնդրանքով դիմումը հնարավորություն է, որ վերջապես 20 տարի հետո, եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի, հանդես գա ասելիքով:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ հաշվի առնելով ոճրագործության բնույթը, էությունը, ծավալը, իրականացված սպանությունները, նաև նկատի ունենալով տարիներ շարունակ այդ հանցագործության ամբողջական բացահայտման հրամայականը, ցանկացած դեպքում, իրավական հարթությանը զուգահեռ՝ հարցին առնչվող քաղաքական քննարկումներն անբաժանելի են լինելու:

«Խնդիրը հնարավոր չէ քննարկել բացառապես իրավական հարթության համատեքստում: Բնականաբար, այդ դատապարտյալը, ինչպես նաև մնացած դատապարտյալները ՀՀ օրենքներով սահմանված կարգով իրավունք ունեն դիմելու իրավասու մարմնի՝ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման խնդրանքով: Այլ հարց է, թե այդ դիմումներն ինչ քննություն կստանան և ինչպիսի եզրակացություններ կտրվեն, գոյություն ունի նաև պրոբացիայի ինստիտուտը: Ես գտնում եմ, որ, բոլոր դեպքերում, այս իրավիճակում Նաիրի Հունանյանի դիմումի վերաբերյալ ունենալու ենք կանխատեսելի պատասխան, և ակնհայտ է՝ նա շարունակելու է կրել իր պատիժը»,- նշեց նա:

Իսկ թե քաղաքական և իրավական տեսանկյունից զուտ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասով Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատո՞ւմն է շահեկան, թե՞ անազատության մեջ մնալը, և արդյոք հնարավո՞ր է նոր մանրամասներ իմանալ այսօրվա իրողությունում, Նորայր Նորիկյանը պատասխանեց.

«Ես չեմ բացառում որևէ սցենար, որ, ինչպես այդ դատապարտյալը, այնպես էլ՝ այդ քրեական գործի հետ առնչություն ունեցող կամ որևէ տեղեկության տիրապետող անձ, կարող է որևէ փուլում հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի վերաբացման և քննություն իրականացնելու համար, որովհետև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կրակոցներն ուղղված չէին միայն անձանց դեմ, այլ ՀՀ պետականության, անկախության, ինքնիշխանության, ապագայի դեմ:

Տարիներ շարունակ իրականացված քննությունը և դատաքննությունն այդպես էլ չտվեցին այն հարցերի պատասխանը, թե ովքեր են եղել կազմակերպիչները և պատվիրատուները: Ուստի կրկնում եմ՝ այս ժամանակահատվածում, չեմ բացառում, որ կհայտնվեն մարդիկ, որոնք քննությանը կտան այնպիսի տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան կարճված մասով վերաբացելու քրեական գործը, վերսկսելու քրեական գործի քննությունը, որպեսզի պարզեն այդ բոլոր հանգամանքները»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս