«Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այդ մասին ԱԺ-կառավարությունում հարցուպատասխան ժամանակ ասաց վարչապետը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին։
«Հարցն այն համատեքստում եմ բարձրացնում, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։ Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը։ Մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով»,- ասաց Մելքումյանը՝ ավելացնելով, որ պետք է համակարգված քայլերով գնալ այդ ուղղությամբ։ «Գործադիրը և օրենսդիրը պետք է կարողանան համակարգել իրենց գործունեությունը»,- ասաց Մելքումյանը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցը բարձրացրել է։
«Մենք կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որովհետև մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ակտիվ կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, մեր դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,- ասաց կառավարության ղեկավարը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ տեսանելի ժամանակահատվածում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ կրել է, առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է։ «Եվ դա հիմնական խնդիրն է։ Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,- հավելեց նա։