«Ես միշտ էլ լավ եմ աշխատել». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը խնդիր չի տեսնում, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը բարձրացվել է:

«Հարգելիներս, մենք ամեն տարի մարտ ամսին տալիս ենք հաշվետվություն և տվյալ տարվա ընթացքում մեր ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչն է թաքուն: Հանրությունից ինչ-որ բան թաքցնելու խնդիր չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ նորմա՞լ է, որ ամեն ամիս պարգևավճար են ստանում, բայց հանրությունը դրա մասին չի իմանում, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Եթե այդպես լինի, ապա նույն տրամաբանությամբ՝ ամեն ամիս մենք պետք է հրապարակենք, թե տվյալ ամիս ինչքան աշխատավարձ ենք ստացել կամ, օրինակ՝ գործուղումից որքան գումար ենք ստացել, և այլն: Չեմ կարծում, որ հանրությունից որևէ բան գաղտնի կմնա, քանի որ, բացի հաշվետվություններից, նաև կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք հետևում են պաշտոնյաների ամենի մի լումային»։

Հաջորդ հարցին՝ իր աշխատանքում ի՞նչն է փոխվել ամեն ամիս պարգևավճար ստանալուց հետո, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

«Իմ ելույթներում էլ կարող եք լսել, որ միշտ ասել եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Սա արդյունավետ աշխատանքի գրավականն է, ինչը կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ լինեն առաջընթացներ, ավելանան եկամուտները, բարձրանան թոշակները, այսինքն՝  այն, ինչ տեսել ենք այս ամիսների ընթացքում»։

Հաջորդ հարցին, թե պարգևավճար ստանալուց հետո արդյո՞ք ավելի լավ է աշխատում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես միշտ էլ  լավ եմ աշխատել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս