Բաժիններ՝

«Ես ցնցված եմ Էսեքսի ողբերգական միջադեպից. իմ մտքերն այժմ բոլոր զոհվածների ու նրանց մերձավորների հետ է». Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի է հայտնաբերվել, եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ես ցնցված եմ Էսեքսի ողբերգական միջադեպից: Ես պարբերաբար տեղեկատվություն եմ ստանում ՆԳՆ-ից եւ սերտորեն աշխատելու եմ Էսեքսի ոստիկանության հետ, որպեսզի ստույգ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել: Իմ մտքերն այժմ բոլոր զոհվածների ու նրանց մերձավորների հետ է»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է BBC-ն, հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված է եղել Թարոքի տարածաշրջանի Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում:

Ոստիկանությունն այդտեղ է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին: Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված է:
Զոհվածների մասին առայժմ հայտնի է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են եւ մեկ դեռահաս: Տեղի ոստիկանության դեպարտամենտի սպա Էնդրյու Մարիները նախազգուշացրել է, որ զոհերի ինքնությունը պարզելը կարող Է երկար ժամանակ պահանջել:

Պարզվել է, որ բեռնատարը ժամանել է Բուլղարիայից եւ Մեծ Բրիտանիայի տարածք է մտել հոկտեմբերի 20-ին:

«Մենք ձերբակալել ենք վարորդին պատահարին մեղսակցության կասկածանքով, կատարվում է հետաքննություն»,- ասել է Մարիները:

Բեռնատարի հայտնաբերման վայրը շրջափակված է ոստիկանության կողմից:
«Մարդավաճառությունը ստոր ու վտանգավոր բիզնես է»,-Twitter-ի իր էջում գրել է Էսեքսի Թարոքի տարածաշրջանից խորհրդարանի անդամ Ջեքի Դոյլ-Փրայսը եւ հույս հայտնել, որ մարդասպանները կհայտնաբերվեն ու կկանգնեն արդարադատության առաջ:
Ոստիկանությունը տեղի ունեցածի ոչ մի վարկած առայժմ չի առաջադրել:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցած ողբերգությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս