«Այս փուլում ձեռնպահ կմնամ որևէ հայտարարություն անելուց». Արա Բաբլոյանի պաշտպան
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին Հրայր Թովմասյանի հետ կապված գործով հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն, ուր նա ստացել էր կասկածյալի կարգավիճակ:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:
«Մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում՝ ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հաստատեց մեր տեղեկությունն այն մասին, որ ինքը հանդիսանում է Արա Բաբլոյանի պաշտպանը, սակայն նշեց, որ այս փուլում զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց:
Ի դեպ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է, թե իրեն անցած տարի պարտադրել են ժամանակից շուտ հրաժարական ներկայացնել։
«Ես ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի՝ հարմար չէ, որ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի նախագահի լիազորությունները վայր դրեցի, որն իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ դրա ընթացակարգը։ Դա իմ իրավունքն է, կարող էի ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել լիազորություններս»,- ասել է Գագիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ վայր է դրել նախագահի լիազորությունները, մնացել է ՍԴ անդամ՝ մինչև թոշակի ձևակերպումը։
Հարցին՝ իրեն չե՞ն ստիպել, որ հրաժարական տա, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթի ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չի ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև ՍԴ նախագահ»։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, թե «ՍԴ նախկին նախագահին ստիպում էին հրաժարական տալ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում»:
Գոհար Սավզյան