Բաժիններ՝

Շուշին կունենա ջրամատակարարման նորացված համակարգ

ԱՀ քաղաքաշինության նախարարության պատվերով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից պատրաստվել է Շուշի քաղաքի ջրամաքրման կայանի և նոր ջրամբարների կառուցման նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, նախագծի գլխավոր ճարտարագետ Պարգև Բալջյանն ասել է, որ Շուշիի ջրամաքրման կայանը վաղուց դադարել էր շահագործվել:

Բացի դրանից քաղաքը սպասարկող 2 ջրավազանները, որոնք գտնվում են Շուշիի վերնամասում, գործնականում կիսով չափ լցվել էին ցեխով և ջրաբերուկներով, որի պատճառով վատացել էր ջրի որակը, իսկ ջրամատակարարման ցանցում շատ հաճախ նկատելի էր պղտորություն:

«Ըստ նախագծի՝ պետք է նախ և առաջ առկա ջրավազանների փոխարեն կառուցել նորերը՝ հաշվի առնելով քաղաքի հետագա զարգացումը: Արդյունքում կլուծվի մոտ 10 000 բնակչի ջրով ապահովման հարցը: Երկրորդ կարևոր խնդիրն է վերականգնել շահագործումից դուրս եկած մաքրման կայանը: Բացի այս ամենից, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախկին աղբյուրները, որոնք ներկայումս մատակարարում են ջուր, որոշ հատվածներում կարիք ունեն վերանորոգման: Պետք է փոխել մաշված խողովակները: Հաշվի առնելով քաղաքի հետագա զարգացումը՝ անհրաժեշտություն ծագեց փնտրել նոր ջրաղբյուր, որից լրացուցիչ ջրաքանակներ կուղղվեն դեպի Շուշի»,- մանրամասնել է նախագծի գլխավոր ճարտարագետը:

Պ. Բալջյանը նշում է, որ մոտ 1.5 տարվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքում այս բոլոր խնդիրների լուծումը ներառվեց նախագծում: Ներկայումս արդեն իսկ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները: Սկսվել են երկու մեծ ջրավազանների (օրական կարգավորման ջրամբարներ(ՕԿՋ-եր)) կառուցման աշխատանքները. յուրաքանչյուրը 1000 մետր/խորանարդ ծավալով: Մաքրման կայանը, որը, իսպառ, գործնականում ավերված շինություն էր, վերականգնվում է: Ծրագիրը կյանքի է կոչվում ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Կայքի զրուցակիցը տեղեկացրել է, որ շինհարթակում ակտիվ աշխատանքներ են ընթանում, և նախատեսվում է մինչև տարեվերջ դրանք հասցնել ավարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս