Բաժիններ՝

Ջոնսոնի կառավարությունն արագացնում է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը եւ ժամանակավորապես կասեցնում է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ պատգամավորների առջեւ ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հոկտեմբերի 22-ին հրաժարվեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծն արագացված ընթացակարգով քննարկելուց, ինչը կարող էր թույլ տալ Brexit-ն իրականացնել սահմանված ժամկետում:

«Մենք պետք է ԵՄ-ից դուրս գայինք հոկտեմբերի 31-ին, բայց այժմ մեր առջեւ դարձյալ անորոշություն է, իսկ ԵՄ-ն պետք է որոշի, թե ինչ է պատասխանելու նոր հետաձգման վերաբերյալ խորհրդարանի խնդրանքին: Դրա առաջին հետեւանքն այն է, որ կառավարությունը, գործելով միակ հնարավոր ու պատասխանատու ձեւով, արագացնում է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը,-ասել է Ջոնսոնը՝ հիասթափություն հայտնելով պատգամավորների որոշումից:- Երկրորդ՝ նախքան ԵՄ-ն որոշում կընդունի Brexit-ի հետաձգման վերաբերյալ, ես Եվրամիության երկրների հետ կքննարկեմ նրանց մտադրությունները: Քանի դեռ այն չի ընդունվել, մենք կկասեցնենք օրինագծի քննարկումը»:

Հոկտեմբերի 22-ի երեկոյան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որում ներառված է «ապահարզանի» պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք էր բերվել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ էության հավանության է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ է քվեարկել Համայնքների պալատի 329 անդամ, դեմ է արտահայտվել 299 պատգամավոր: Դա առաջին քվեարկությունն էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարությունը շահել է այս տարվա հուլիսին իշխանության գալուց հետո:

Այդուհանդերձ, արդեն մի քանի րոպե անց նախարարների կաբինետը խիստ ցավագին պարտություն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկետներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարությունն ընդամենը երեք օր էր հատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրենք, որը կկարգավորի Brexit-ի առաջիկա գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարվել է 322 պատգամավոր, այն դեպքում, երբ 308-ը պատրաստ էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացույցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս