Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը

Սոչիում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ 6 ժամ տևած քննարկումը։ Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Էրդողանը մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել Սիրիայի հյուսիսում թուրքական օպերացիայի վերաբերյալ։ Պուտինն ընդգծել է, որ հասկանում է Թուրքիայի ջանքերը՝ սեփական ազգային անվտանգության համար քայլեր ձեռնարկելու մասով։

«Սիրիան պետք է ազատվի անծանոթ օտար ռազմական ներկայությունից։ Սիրիայում երկարաժամկետ և տևական կարգավորման հասնել, մեր կարծիքով՝ հնարավոր է գլխավորապես այդ երկրի տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանմամբ։ Դա սկզբունքային դիրքորոշում է, և մենք մանրամասն քննարկել ենք դա Թուրքիայի նախագահի հետ»,- ասել է Պուտինը։

Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանը ստորագրել են հուշագիր։ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի վերաբերյալ հուշագրի իրականացումը վերահսկելու համար:

Այսպիսով՝ պաշտոնական Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և սիրիական զորքերը չորեքշաբթի օրը կմտնեն թուրքական գործողությունների տարածք: Դրանք համատեղ ուժերով կօգնեն սիրիա-թուրքական սահմանից 30կմ հեռավորության վրա քրդական ազատագրական ուժերի և դրանց ստորաբաժանումների դուրսբերմանը, որը պետք է ավարտվի 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ից հետո 150 ժամվա ընթացքում: Քրդական բոլոր ուժերն ու նրանց զինամթերքը դուրս է բերվելու Մանբիջից ու Թել-Ռիֆաթից։

Տեսանյութեր

Լրահոս