«Պետական ապարատի ներկայացուցիչների աշխատակազմինը պետք է բարձրանա, մենք մի կերպ յոլա կգնանք». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի շտապում մեկնաբանել, թե ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել գաղտնի հանձնարարականով բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու գլխավոր քարտուղարների աշխատավարձը:
«Վաղը մենք Կառավարության հետ հարցուպատասխան ունենք, վստահ եմ, որ այսօր պատգամավորները, որոնք Ձեզ միջանցքներում հարցազրույց են տվել և իրենց մտահոգությունն են հայտնել՝ կբարձրացնեն այդ հարցը, և Կառավարության ներկայացուցիչը կպատասխանի այդ հարցին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ աշխատավարձերի բարձրացման հետ կապված որևէ մտահոգություն չունի:
Նրա կարծիքով՝ ինչպես ուսուցիչների, զինվորականների և մնացած բոլոր ոլորտների, այնպես էլ՝ պետական կառավարման աշխատակիցների աշխատավարձը պետք է բարձրացվի, քանի որ այսօր մասնավորը հաճախ ավելի լավ պայմաններ է առաջարկում, և այդ պարագայում պետությունը չի դիմանում մրցակցությանը:
Հարցին՝ նախարարների աշխատավարձը բարձրացնելուց հետո գուցե դիմեն, որպեսզի իրենց աշխատավա՞րձն էլ բարձրացնեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Առաջին հերթին, եթե պետք է աշխատավարձ բարձրացվի, ապա պետական ապարատի ներկայացուցիչների աշխատակազմինը պետք է բարձրանա, մենք մի կերպ յոլա կգնանք: Ինչ վերաբերում է մյուս պետական մարմիններին, ապա պատգամավորների մասին բան չեմ ասի, ճիշտ չեմ համարում դա»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալությանը և դրա հետ կապված այն խոսակցություններին, թե այս ամենը քաղաքական միջամտություն է և ճնշում, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ ձերբակալության հետ կապված ամեն ինչ հնարավոր է, բացի քաղաքական միջամտություն ու ճնշում լինելուց:
«Հայաստանում քաղաքական միջամտություններ չեն կարող լինել, ցավով եմ իմացել այդ լուրը, բայց նման բան բացառվում է»,- եզրափակեց նա:
Զվարթ Խաչատրյան