«ՍԴ-ի կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը, իհարկե, անարձագանք չի մնա». Լիլիթ Մակունց
«Սահմանադրական դատարանը, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից բարձրացված այն մտահոգություններին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին։ Առկախված են մնացել բոլոր այն մտահոգությունները, որոնք կային մեր նախագծում։ Եվ փոխարենը՝ ՍԴ-ն որոշում է կայացրել, դրանով ԱԺ-ի նկատմամբ, իմ գնահատմամբ՝ ՍԴ-ի կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որը, իհարկե, անարձագանք չի մնա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ դիմումի մերժման հիմքերին։
Նրա խոսքով՝ ՍԴ-ի հետ կապված՝ առաջնորդվելու են դատաիրավական համակարգի համապարփակ բարեփոխումների պլանով։
«ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո արձանագրել եմ, որ ՍԴ-ն դիրքավորվել է այնպես, որ չի ցանկանում լուծում տալ առկա խնդիրներին, ավելին՝ չի ցանկանում քննարկել։ Սրանով իսկ ՍԴ-ն խորացրել է վստահության ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ»,- շարունակեց նա։
Ինչ վերաբերում է հետագա գործունեությանը՝ Լիլիթ Մակունցը նշեց.
«Մենք մեր առաջ խնդիր չէինք դրել՝ այս նախագծով լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Մենք դրա մասին արդեն իսկ հայտարարել ենք։ Մենք շարունակելու ենք մեր այն պլանով, որը ներկայացված է նախարարության կողմից ռազմավարական փաթեթով, միաժամանակ, ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն Դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու այդ փաթեթով։ Կհրապարակենք և կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան