Գագիկ Ծառուկյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝  այսօր անհրաժեշտություն կա, որ բոլորը լինեն միասնական, հակառակ պարագայում՝ երկու հայկական պետությունները կկանգնեն անդունդի եզրին, և մեծ կորուստներ կլինեն:

«Իմ խնդրանքն ու հորդորն է բոլորին, որ այսօր գիծ քաշեն, լինեն միասնական, մոռանալով՝ ով ինչ է  ասել, մեկը վրդովված է եղել, մեկը՝ չգիտեմ: Պետք է մարդիկ մեծահոգի լինեն, կան խնդիրներ, որոնք կապված են մեր անկախ պետության, Արցախի ճակատագրի հետ, և այս ամենը կապ չունի անձնական ինչ-որ խոսքերի, կամ դիմության կամ ընդդիմության հետ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին և դրանից հետո Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանին:

Ըստ նրա, եթե այսօր յուրաքանչյուրը մտածի՝ ով ինչ ասաց, ինչպե՞ս պատասխանեն, ապա դա կլինի երկու հայկական պետությունների կործանման սկզիբը, «սրա մասին կարող եմ անձամբ գրել ու ստորագրել»:

«Այս 30  տարվա ընթացքում պետք է Արցախի խնդիրն այնպես լիներ, որ Ալիևը ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար, այլ գիտակցեր, որ քայլ կատարելով՝ կարող է կրկին կորցնել»,- ընդգծեց նա:

«Լիարժեք գիծ պետք է քաշվի, որովհետև մեր այդ խոսքերով մենք կարող ենք մեր պետությանը, ժողովրդին վնասել»,- հավելեց նա:

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցե՞լ է վերջերս կամ հետաքրքրվե՞լ է նրա առողջությամբ, նա պատասխանեց, որ ո՛չ հետաքրքրվել է, ո՛չ տեսակցել:

«Չեմ տեսնում՝ ձեզանից չեմ պրծնում, այ ձեր ցավը տանեմ, տեղեկացել եմ միայն մամուլից: Ինձ բոլորն էլ հետաքրքրում են՝ սկսած առաջին նախագահից՝ մինչև չորրորդը, այդ թվում՝ վարչապետը, քանի որ այս երկրում եմ ապրում: Բայց ամենակարևորը, այն, ինչ դուք ասում եք, նման բան չկա, չի էլ կարող լինել, նկատի ունեմ, որ անընդհատ ուզում եք ինձ կապել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ: Ամեն մեկն ունի իր տեսակետը, Ծառուկյանը որևէ մեկի առաջ պարտավորություն չունի, Ծառուկյանն իր տեսակետով, սկզբունքով՝ ուզում է լավ լինի, իր երկիրը զարգանա»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս