«Գինու շշով փարթիներ կազմակերպելը և ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերն անվտանգությունն է, որը ներկա իշխանությունը կամ չի գիտակցում, կամ անզոր է քայլեր կատարել՝ ամրացնելու այդ անվտանգությունը.
«Այս մեկուկես տարում Ադրբեջանը և Թուրքիան երեք անգամ համատեղ զորավարժություններ են իրականացրել, խոսել են ՀՀ վրա ռազմական ագրեսիա իրականցնելու վերաբերյալ, մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ լինելու մասին, Արցախյան հիմնահարցն ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որը թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ռազմական բյուջեն պետք է շեշտակիորն ավելանա, մինչդեռ այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն քսան տոկոսով ավելանում է, իսկ ՀՀ-ինը՝գրեթե չի ավելանում:
Է. Շարմազանովը սա որակեց խոսքի և գործի անհամարժեքություն. «Արձանագրենք, որ այս պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը և ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարևոր խնդիրներ, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»:
Զարուհի Դիլանյան