Բրիտանական կառավարությունը Brexit-ի մասին նոր օրինագիծ է ներկարացրել խորհրդարանին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը, որը հիմնված է ԵՄ-ից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ հոկտեմբերի 17-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի վրա: Ինչպես հայտնել է Sky News հեռուստաալիքը, հոկտեմբերի 21-ի երեկոյան պատգամավորները ձեռնամուխ են եղել 110 էջանոց փաստաթղթի առաջին ընթերցմանը, որին վերաբերող պարզաբանումները կազմում են եւս 125 էջ:

Մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի իրականացումն ապահովելու համար նախարարների կաբինետը Համայնքների պալատի կողմից օրինագծի քննարկմանը հատկացրել է ընդամենը երեք օր: Դրանից հետո այն կքննարկի նաեւ Լորդերի պալատը, իսկ այնուհետեւ օրինագիծը կներկայացվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ստորագրմանը:

Դրա տեքստում կետ կա այն մասին, որ օրենքը կարող է ընդունվել ռեկորդային կարճ ժամանակում, թեեւ խորհրդարանի կողմից միջազգային համաձայնությունների քննարկմանը հատկացվում է առնվազն 21 օր:

Օրինագծի կետերից մեկն էլ չեղարկում է ԵՄ-ի հետ գործարքի հաստատման շուրջ առանձին խորհրդարանական քվեարկություն անցկացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նշում են նախարարների կաբինետում, այն խորհրդարանի կողմից հավանության արժանացած կհամարվի երկրորդ ընթերցմամբ օրինագծի ընդունման փաստով, որը պետք է կայանա արդեն հոկտեմբերի 22-ին:

Financial Times թերթի գնահատումների համաձայն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհրաժեշտ աջակցությունն ունի քվեարկությունը շահելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս