ԲՀԿ-ն ՀՀԿ-ին չի սատարի. Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի կարող սատարել ՀՀԿ-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Վերջինս նշեց, որ, չնայած նրան, որ ՀՀԿ-ն սատարում է ԲՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստանը» ՏԻՄ ընտրությունների ժամանակ կսատարի կամ չի սատարի արդյունավետ վարչարարություն, որակյալ մունիցիպալ կառավարում իրականացնելու ունակ անհատներին: Մեկնաբանելով ՀՀԿ-ը որոշումը, ըստ որի, կուսակցությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ գերակշռող մասով մեր հասարակությունը, քաղաքական գործընթացների մասնակիցները, կուսակցությունները, կգիտակցեն, որ ԲՀԿ-ն առաջարկում է առավելություն ունեցող ծրագրեր, մոտեցումներ, լուծումներ, այդ թվում` կադրեր»: Նա նշեց, որ միայն այսքանը կարող է ասել այն ուժերին ու անհատներին, որոնք ցանկություն են հայտնում արտահայտվելու ԲՀԿ կադրերի` լավագույնը լինելու մասին: Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն Սամվել Բալասանյանին իրականում  կուսակցության ներկայացուցիչ չի համարում, Ուրիխանյանն ասաց. «Նմանատիպ տեսակետներ առանձնապես չեմ ցանկանում մեկնաբանել: Կասեմ միայն բոլորին հայտնին՝ Ս. Բալասանյանը ԲՀԿ անդամ է: Այսքանով ամեն բան ասված է»:

Այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն այն ընտրատարածքներում, որտեղ չունի սեփական թեկնածու, կսատարի այլ կուսակցության թեկնածուին, Ուրիխանյանը պատասխանեց, որ վերջնական որոշում այս հարցի շուրջ կուսակցությունը չի կայացրել:

168.am-ի հարցին, թե երբ կորոշվի Մասիսում կուսակցության պաշտոնական թեկնածուն, այն դեպքում, երբ առաջադրված ԲՀԿ երեք թեկնածուները սպասում են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջնական որոշմանը, Ուրիխանյանը պատասխանեց. «Քննարկումներ եղել են ու դեռ շարունակվում են: Կարծում եմ, որ մոտ օրերս կներկայացնենք: Բնականաբար, ԲՀԿ-ն կառաջադրի մեկ թենածու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս