«Դա պաշտոնական լիազորությունների դասական սահմանազանցում է, հանցագործություն է». Գևորգ Պետրոսյան

Ըստ «Հետք»  պարբերականի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

Լրատվամիջոցը լրացուցիչ հարցում էր ուղարկել 3 տարբեր նախարարների՝ հարցնելով, թե նախարարը որքա՞ն աշխատավարձ, պարգևատրում և աշխատավարձին հավասարեցված այլ վճարում է ստացել։ Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հարցի պատասխանը լրատվամիջոցը չէր ստացել:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։

Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների ամսական աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Պարբերականը գրավոր հարցմամբ դիմել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Այդ հարցին նրա աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանը հետևյալն է.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, լսելով այս տեղեկատվությունը մեկնաբանելու 168.am-ի խնդրանքը, տարակուսեց. «Բայց նման բան ո՞նց կլինի. դա օրենքով է կարգավորվում: Նման հանձնարարական ո՞նց կարող է լինել»:

Մեր դիտարկմանը, թե կոնկրետ նախարարներ ամսական 1.5 միլիոն դրամի չափով աշխատավարձ են ստացել, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե դա գուցե խրախուսում լինի, բայց ոչ աշխատավարձի բարձրացում, որովհետև աշխատավարձի չափը սահմանվում է 2013թ. ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին») ՀՀ օրենքով, և վարչապետն իրավունք չունի ներքին կարգով հանձնարարել բարձրացնել աշխատավարձերը:

«Դա պիտի գա ԱԺ: Չի կարող այլ կերպ լինել: Կառավարությունը չի կարող գաղտնի ընթացակարգով Ազգային ժողովի փոխարեն քայլ անել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս կարծում է, որ, եթե, այնուամենայնիվ, նման բան եղել է, ապա դա հանցագործություն է:

«Դա նշանակում է, որ վարչապետն ինքնակամ պետական բյուջեի հաշվին հատկացումներ է արել, որի իրավունքը չունի: Պաշտոնական լիազորությունների դասական սահմանազանցում է: Եթե մի բան կարգավորվում է օրենքով, ապա օրենքով էլ կարող է փոխվել: Ու ոչ միայն նախարարներինը, այլև Հանրապետության նախագահից սկսած՝ դատավորներով, դատախազներով վերջացրած: Ի՞նչ իրավունք ունի ինքնակամ որոշել մի հարց, որն օրենքով պիտի որոշվի: Ուրիշ, ավելի ցածր ուժ ունեցող որևէ բան այդ հարցը չի կարող որոշել: Վարչապետի որոշումն օրենքից ցածր ուժ ունեցող իրավական ակտ է: Այն, ինչ կարգավորովում է օրենքով, չի կարող լուծվել ավելի ցածր ուժ ունեցող իրավական ակտով»,- նկատեց պատգամավորը:

Իշխող «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը մեր՝ այս տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ ասաց, որ տեղյակ չէ մեր նշած փաստերից,  ապա խորհուրդ տվեց դիմել այն հանձնաժողովին, որոնք այդ ոլորտի հետ կապ ունեն, քանի որ ինքը նաև աշխատանքային իրավունքի մասնագետ չէ:

Մեր դիտարկմանը, թե ընդամենը ցանկանում ենք իմանալ՝ եթե մի բան օրենքով է կարգավորվում, օրենքով էլ չպե՞տք է փոփոխվի, «Իմ քայլ»-ական պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ դրանից:

– Այսինքն՝ Դուք ասում եք, որ դա օրենքով է կարգավորվում,- հարցը մեզ ուղղեց պատգամավորը:

– Այո: Դա օրենքով է կարգավորվում: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

– Իսկ Դուք ասում եք՝ վարչապետն իր հրամանով փոխել է օրենքը:

– Չի փոխել: Վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է աշխատավարձերը: Հարցնում ենք՝ հնարավո՞ր է նման բան: Եթե օրենքով է, ապա հարցը պետք է ԱԺ մտնի, չէ՞:

– Ես տեղյակ չեմ: Ես տեղյակ չեմ՝ իրավական ակտը, որը կարգավորում է, օրենքով է, տեղյակ չեմ, որ վարչապետը հրամանով բարձրացրել է այդ գումարը, տեղյակ չեմ, որ նման իրավակարգավորում գոյություն ունի:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այս հարցը պետք է ուսումնասիրության արժանանա, տեսնեն՝ մեր տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, հետո հասկանան՝ այդ իրավական ակտերը գոյություն ունե՞ն, թե՞ չէ: Կրկնում ենք, այս մասին «Հետք» պարբերականի հարցին ի պատասխան՝ ասվել էր վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բայց տեսականորեն այն, ինչ Դուք ասում եք, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը, ապա, երբ նշեցինք, որ վարչապետի աշխատակազմից կա պատասխան, որոշեց, որ ինչ-որ բան, ուրեմն, մենք լավ չենք ընկալել:

«Դրա համար Դուք հարցը գրավոր ուղղեք ոչ թե պետաիրավական, այլ աշխատանքի և առողջապահության… այն հանձնաժողովին, որն իրավասու է այդ հարցին պատասխանել, մի հատ թող ուսումնասիրեն խնդիրը, եթե այն կա: Որովհետև, օրինակ, հնարավոր է, ենթադրում եմ, օրենքը լեգիտիմացնում է որոշակի տոկոսային հարաբերություն. ենթադրում եմ: Ու վարչապետն էլ այդ հղումի շրջանակում է գործել: Այսինքն՝ հաճախակի օրենքներով վերապահում են անում որևէ պաշտոնատար անձի որոշակի գործողություն կատարել: Օրինակ, օրենքով ինչ-որ չափ են սահմանում, սակայն կառավարությունն ինչ-որ տոկոսով կարող է այդ չափը փոփոխել: Դժվար թե օրենքով ձեր ասածը կարգավորված լինի: Գուցե օրենքով ինչ-որ սանդղա՞կ է սահմանված, ու այդ սանդղակի համաձայն՝ վարչապետը բարձրացրե՞լ է աշխատավարձերը: Առանց ուսումնասիրելու՝ հնարավոր չէ Ձեր հարցի պատասխանը տալ»,- եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս