Բաժիններ՝

«Մենք հո քո ձեռքը կրակը չենք ընկել, չկա՞ մի մարդ, որ ձեռքը բռնի». Արամայիս Գալստյանը` ՍԱՊԾ պետին

ՍԱՊԾ-ում բացահայտ կոռուպցիա կա. պնդում է Կոտայքի մարզի ՍԱՊԾ նախկին պետ Արամայիս Գալստյանը՝ ընդգծելով, որ ՍԱՊԾ պետը տարվա մեջ 140 օր գործուղումների մեջ է, բայց և՛ աշխատավարձ է ստանում, և՛ պարգևավճար:

Արամայիս Գալստյանը ՍԱՊԾ աշխատանքը չի տեսնում: «Հայաստանը տարին մոտ 40 հազար տոննա ձուկ է արտահանում Ռուսաստան, այս մեկ տարվա ընթացքում մեր ձուկ արտադրող 15 տնտեսություն փակվել է: Եթե մենք հավատանք Ռուսաստանի լաբորատորիային, ապա մեր արտահանած ձկան մեջ հայտնաբերվել են նիտրոֆուրան, մկնդեղ, միկրոբներ, ինչո՞ւ է մեր լաբորատորիան պնդում, թե ձկները նորմալ են, այսինքն՝ ռուսներին չի կարելի ուտել, մեր ժողովրդին կարելի՞ է: Մեր լաբորատորիան միշտ տեսչության ուզածն է գրում:

Ես օգոստոսին զգուշացրի, որ կենդանիների անկման դեպքեր են լինելու, կան հատուկ վտանգավոր հիվանդություններ, որոնք կենդանուց փոխանցվում են մարդուն՝ բրուզելյոզ, սիբիրախտ: Իմ հայտարարությունից 10-15 օր անց սիբիրախտ բռնկվեց:  Չգիտեմ ՝ հիվանդությունների կանխարգելման կենտրոնը սա արձանագրե՞լ է, արձագանք եղե՞լ է,  թե՞ ոչ, բայց հետևանքները չկան:

Այսքան թերություններով հանդերձ՝ մեկ տարվա մեջ ՍԱՊԾ պետը 22  գործուղում է ունեցել, միջինում եթե մեկ շաբաթով հաշվենք՝ 140 օր, իր աշխատանքի 1/3-ը Հայաստանում չի եղել, գլխավոր, կրտսեր մասնագետները չեն գնում գործուղումների, միայն ինքն է գնում, անգամ կնոջ հետ: Հա՛մ աշխատավարձ է ստանում, հա՛մ պարգևավճար՝ 1 մլն 200 հազար դրամ, սա կոռուպցիա՞ չի, ասել վարչապետի՝ բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում: Ինչի՞ է իրեն այդքան պարգևավճար գրել: Արտաբյուջետային միջոցներն էլ ոնց ուզում՝ ծախսում է»,- ասում է  Կոտայքի մարզի ՍԱՊԾ նախկին պետ Արամայիս Գալստյանը:

ՍԱՊԾ նախկին աշխատակիցը վստահ է՝ մեր լաբորատորիաներն ի վիճակի են ստուգել ամեն ինչ, միայն թե չեն անում:

«Չգիտեմ՝ ի՞նչ պայմանավորվածություն կա մեր տնտեսվարողների հետ և լաբորատորիայի միջև: Այստեղ մեր լաբորատորիան ստուգում է մթերքը, գրում է, որ ոչ մի բան չկա, հենց դուրս է գալիս երկրից, ապրանքի վրա կալանք են դնում: Նույնը հանքային ջրի պարագայում է՝ 450 միկրոգրամ մկնդեղ են հայտնաբերել: Այս ո՞ւմ են տվել ոլորտը, ինչո՞ւ են տվել: Կա դատական որոշում, որ իր նշանակումը եղել է խախտումներով, եղել է անօրինական, և  դատարանն իր նշանակումն առոչինչ է ճանաչել: Ինչո՞ւ են պահում մինչև հիմա, բա ասում եք՝ հովանավորչություն չկա նոր Հայաստանում: Թող իր լիազորությունները կասեցնեն՝ մինչև վերաքննիչն իր հարցերը կլուծի»,- ասում է  Արամայիս Գալստյանը:

Վերջինս պնդում է, որ ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանն անգամ իր ինքնակենսագրականն է կեղծել:

«Ինքնակենսագրականում գրել է, որ 2010-11թթ. եղել է Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատորիայի ծառայության կենտրոն ՊՈԱԿ-ի նմուշառման զննման բաժնի պետ: 2010-ին նման բաժին չի եղել, ես այն ժամանակ աշխատում էի, 2011-ի հունիսին կամ մայիսին է ստեղծվել, ինքն էլ հասարակ նմուշառու է եղել, ոչ թե բաժնի պետ: Մեկը հարցնող լինի, ինչո՞ւ է կեղծել: Ես մի ժամ կարող եմ իր թերություններն ասել»,- հայտարարեց նա:

Արամայիս Գալստյանին անհանգստացնում է նաև Պակիստանից Հայաստան ներկրվող բրինձը:

«Մենք Պակիստանից բրինձ ենք ներկրում, այդ երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամն է, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, ո՞վ է իմացել, որ սա «Սիթիներում» վաճառվում է: ՍԱՊԾ պետը հիմա էլ ասում է՝ վաճառվող միսը սպանդանոցային ծագման պետք է լինի, առանց դրա թույլ չեն տալիս, շատ լավ է, ես ողջունում եմ, բայց եթե դու չունես կենդանիների հաշվառում, այդ սպանդը ո՞նց ես վերահսկելու: Կգա մի ժամանակ, որ ինֆեկցիոն հիվանդություններն այնպիսի վնաս կտան մեր պետությանը, որ կարանտին կսահմանեն, Հայաստանից ոչինչ դուրս չի գա:

Լավ, մենք հո քո  ձեռքը կրակը չե՞նք ընկել, չկա՞ մի մարդ, որ ձեռքը բռնի, ասի՝ կա՛մ աշխատի, չնայած թող աշխատի, բայց չի կարող աշխատել, ուղեղի ծալքերն այդքան չեն աշխատում… Գնում է շուկաները՝ շոուներ է անում, լայքեր է հավաքում, պարգևավճար ստացողներն էլ լայքում են, ասում են՝ ինչ լավ է: Ի՞նչն է լավ, հիմա գնանք Գումի շուկան, ես՝ որպես մասնագետ, այնքան թերություն գտնեմ, ի՞նչն է լավ»,- ասաց Կոտայքի մարզի ՍԱՊԾ նախկին պետ Արամայիս Գալստյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս