«Չենք կարող աչքներս փակել ՍԴ-ում եղած խնդիրների վրա». Տիգրան Ավինյան
«Ես իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործով: Հանգամանքները պարզելու համար, իհարկե, որոշակի մարդիկ հրավիրվում են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Սա՝ զուտ իրավական մասով: Պետք է հետևենք ընթացքին, հասկանանք՝ ինչ է այնտեղ կատարվում, իսկ զուտ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք մի փոքր վերադառնանք մեր իրականություն ու վերհիշենք այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունեցել»,- Քրեակատարողական ծառայության 100-ամյակի հանդիսավոր նիստի ընդմիջման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պնդելով, որ լեգիտիմության խնդիր Սահմանադրական դատարանը միանշանակ ունի:
Նա նշեց, որ չէր ցանկանա՝ քաղաքական հետապնդում որակվեր որևէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում: ՍԴ-ում խնդիր կա, և դրա լուծումը պետք է տրվի:
«Պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է լինի հարգանք, բայց չենք կարող աչքներս փակել այնտեղ եղած խնդիրների վրա»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ լուծումների շուրջ պետք է մտածել:
Գոհար Սավզյան